ՀՀ Սահմանադրություն․ ծավալը փոքրանում է, փոխվում են առանցքային դրույթներ
ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը հրապարակելուն զուգահեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմեց հանրությանը։ Նա հիմնավորեց, որ նոր Սահմանադրության նախագիծ մշակելու մանդատը իշխող ուժը ստացել է 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին, թեև սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին խոսել են հեղափոխությունից անմիջապես հետո։ «Ռադիոլուր»-ն ուսումնասիրել է փաստաթուղթը և առանձնացրել առնվազն 15 առանցքային փոփոխություն։
Նոր Սահմանադրության նախագիծը գործող մայր օրենքից կարճ է 4 գլխով և 131 հոդվածով․ պարունակում է 12 գլուխ և 89 հոդված։
Անկախության հռչակագրի փոխարեն՝ պայմանագիր
Փոխվել է նախաբանը։ Անկախության հռչակագրին հղման փոխարեն նոր Սահմանադրության նախագիծը սկսվում է ժողովրդի և պետության միջև հավաքական պայմանավորվածությամբ՝ Հայաստանի ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների շուրջ։ Նախաբանում շեշտվում է անկախ, խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ պետություն կառուցելու նպատակը՝ միջազգայնորեն ճանաչված տարածքում։
Սահմանադրության նախաբանի փոփոխությունը իշխանության և ընդդիմության միջև թերևս ամենասկզբունքային տարաձայնության պատճառն է։ Իշխանությունը փոփոխությունը ներկայացնում է որպես պետականության նոր մոդելի ընտրություն, ոչ թե արտաքին պարտադրանքի հետևանք։ Այս փաստաթղթով է հիմք դրվում Չորրորդ հանրապետության մոդելի ընտրությանը, որն ըստ Փաշինյանի, էականորեն տարբերվում է Երրորդ հանրապետության մոդելից։
«Հակամարտության բացակայությամբ։ Հայաստանի երրորդ հանրապետությունը ստեղծվել է ոչ թե քաղաքացիների անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունը ապահովելու, ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու, այլ հակամարտության նպատակով, հակամարտության համար։ Դա ակնհայտ է ոչ միայն 1990-ականների Հայաստանի առաջնորդների հայտարարություններից ու հոդվածներից, այլև 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրի տեքստից։ Հենց կոնֆլիկտի այդ տրամաբանությունն է, որ մարդուն ու նրա երազանքները մի կողմ է դրել ու գնացել հակամարտության ճանապարհով։ Հենց կոնֆլիկտի այս տրամաբանությունն է, որ մեր երկիրը հյուծած արտագաղթի պատճառ է դարձել»։
Վարչապետի գնահատմամբ՝ հակամարտության տրամաբանությունն է նաև օլիգարխիկ համակարգի ձևավորման հիմքում եղել։
Եկեղեցու դիրքն ու պետության հետ շփման պայմանները
Նոր Սահմանադրության նախագծով վերաձևակերպվել է պետություն–եկեղեցի հարաբերություններին առնչվող դրույթը։ Նշվում է, որ պետության և Հայ առաքելական եկեղեցու միջև հարաբերությունները «կարգավորվում են օրենքով»։ Սա տարբերվում է գործող Սահմանադրությունից, որտեղ նշված է, որ հարաբերությունները «կարող են կարգավորվել օրենքով»։ Այսինքն՝ նոր նախագծով այդ հարաբերությունների օրենսդրական կարգավորումը դառնում է պարտադիր։
Միաժամանակ, նոր Սահմանադրության նախագծում անփոփոխ է մնացել այն դրույթը, որը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։
8-րդ հոդվածի ասելիքը․ «ֆորպոստ» չլինելու տրամաբանության մեջ
Նախագծի 8-րդ հոդվածով ամրագրվում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակը խաղաղության ապահովումն է։ Վարչապետի ներկայացմամբ՝ սա նոր փաստաթղթի առանցքային դրույթներից է։
«ՀՀ արտաքին քաղաքականության նպատակը խաղաղության ապահովումն է, և սա դարակազմիկ արձանագրում է։ Երբեք ու երբեք չտրվեք գայթակղությանը՝ մտածելու, թե մենք սա անում ենք արտաքին ճնշումների կամ ուրիշի համար։ Մենք սա անում ենք մեր պետության հարատևության տեսլականին կյանք տալու և ՀՀ-ն այնպես դիրքավորելու համար, որ հաղթահարի «ֆորպոստի» տրամաբանությունը։ Մեր նպատակը ՀՀ-ն հողափոր խրամատից խաղաղության խաչմերուկ դարձնելն է։ Մի երկիր, որը նաև ունի այնպիսի բանակ, որ ինքնուրույն կարող է պաշտպանել պետության սահմանների և միջազգայնորեն ճանաչված տարածքի անձեռնմխելիությունը»։
Փաշինյանի համոզմամբ՝ հենց «ֆորպոստի» տրամաբանությունն էր նաև Խորհրդային Միության փլուզման շրջանում Ղարաբաղյան շարժման ձևավորման հիմքում։
Պետական խորհրդանիշներ՝ առանց նկարագրության
Նոր փաստաթղթի նախագծում բացակայում է պետական խորհրդանիշների՝ զինանշանի ու դրոշի նկարագրությունը։ Ըստ 16-րդ հոդվածի՝ դրանք, ինչպես և օրհներգը սահմանվելու են հանրաքվեով ընդունվող օրենքով։ Մինչդեռ գործող Սահմանադրության 21-րդ հոդվածում, մասնավորապես, զինանշանի նկարագրության մեջ հիշատակվում են Արարատ լեռը և Նոյան տապանը։
Ուղերձի 17.5 րոպեն բավարար չէ
Ուղերձի 17.5 րոպեն վարչապետի համար բավարար չէր նոր փաստաթղթի բոլոր առանցքային դրույթներն ու փոփոխությունները ներկայացնելու համար։ Իշխանությունը ակնկալում է հանրային լայն և ակտիվ քննարկում։ Դրա համար գործարկվել է նոր կայք՝ yourconstitution՝ թարգմանաբար «Քո Սահմանադրությունը» անվանումով՝ յուրաքանչյուր հոդվածի տակ առաջարկ և մեկնաբանություն թողնելու հնարավորությամբ։
«Նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին վերջին տարիներին հաճախ եմ խոսել, թեման այնքան բազմաշերտ է, որ առաջիկայում ակնհայտորեն բազում անդրադարձեր պետք է ունենամ այս հարցին, մանավանդ, որ ակնկալում եմ նախագծի ակտիվ հանրային քննարկում»։
Նոր Սահմանադրության մեջ նորությունները շատ են․ ավելանում է ԱԺ-ի ինքնաարձակման հնարավորությունը, նվազում՝ հանրաքվե նշանակելու համար անհրաժեշտ ձայների շեմը։ Սահմանափակվում է արտերկրում բնակվողների ընտրական իրավունքը, կուսակցությունների գործունեությունն արգելելու նոր հիմքեր են սահմանվում, հնարավոր է դառնում քաղաքացիությունից զրկելը, նախատեսվում է որոշ դեպքերում օրենքներին հետադարձ ուժ տալու հնարավորություն, սահմանափակվում է ընտրություններում հաղթող ուժի առավելությունը, խորհրդարանը ստանում է նոր լիազորություններ, ընդդիմությունը ներկայացվածություն է ստանում անկախ մարմիններում, վարչապետի դերը զինված ուժերում ընդլայնվում է, փոխվում է դատական համակարգի կառավարումը, և սա դեռ ամենը չէ։
«Մեզ անհրաժեշտ է նոր Սահմանադրության ընդունմամբ օրգանական կապ ստեղծել քաղաքացու և երկրում հաստատված իրավակարգի միջև։ Այսօր քաղաքացու և երկրում հաստատված իրավակարգի միջև օրգանական կապ ստեղծված չէ այն պարզ պատճառով, որ բոլոր նախորդ սահմանադրությունները քաղաքացու ազատ կամարտահայտմամբ չեն ընդունվել։ Մեր բազմաթիվ պրոբլեմներ սկսվում են այստեղից»։
Հեռանալու պայման և խաղաղության գրավական
Հանրությանն ուղղված ուղերձում վարչապետը վերահաստատեց առաջարկը, որի համաձայն՝ հանրաքվեի արդյունքից է կախված լինելու նաև իր քաղաքական ապագան։ Եթե քաղաքացիները մերժեն նոր Սահմանադրությունը, նա խոստանում է անհապաղ հրաժարական տալ, իսկ «այո»-ի դեպքում՝ հաջորդ հերթական կամ արտահերթ ընտրություններին չառաջադրվել վարչապետի պաշտոնում։
Փաշինյանը նաև հայտարարեց, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո պատրաստվում է ստորագրել և վավերացնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը՝ հասնելով ինստիտուցիոնալ, տևական և անշրջելի խաղաղության։
«Ես հույս ունեմ, որ խորհրդարանական ընդդիմությունը չի կանգնի այս ճանապարհին, հույս ունեմ՝ ընդդիմությունը հետ կկանգնի խաղաղության միակ խոչընդոտի իր կարգավիճակից»։
Նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է խորհրդարանական որոշում։ Սահմանադրական որոշումներ կայացնելու համար խորհրդարանական մեծամասնությանը պակասում է 6 ձայն։ Դա է պատճառը, որ իշխանությունը դիմել է ընդդիմությանը՝ առաջարկելով կողմ քվեարկել նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը։
armradio.am


















































Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
ՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է...
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քա...
ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին
Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը
Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք
Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ է
ՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրել է Ֆիլիպ Դիալոյի թեկնածությունը