Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
1985 թվականին Անտարկտիդայում հայտնաբերված նմուշը 40 տարի մոռացված մնացել է դարակում, սակայն հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ դա Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Նմուշը հայտնաբերող թիմը տեղյակ չի եղել, թե ինչ է իրենից ներկայացնում գտածոն, ուստի այն պահվել է Քեմբրիջում գտնվող Բրիտանական Անտարկտիդայի Ծառայության (BAS) երկրաբանական հավաքածուում։
Այժմ բրածոն ուսումնասիրվել է հնէաբանների կողմից, որոնք հաստատել են, որ դա տիտանոզավրերի խմբին պատկանող դինոզավրի պոչի ոսկոր է. այս խումբը ներառում էր Երկրի վրա երբևէ գոյություն ունեցած ամենախոշոր դինոզավրերին։
BAS-ի հավաքածուների մենեջեր, դոկտոր Մարկ Էվանսը վերջերս նկատել է բրածոն տասնամյակների ընթացքում Անտարկտիդա կատարած արշավներից բերված հազարավոր նմուշների մեջ։
«Միայն այն ժամանակ, երբ սկսում ես մտածել. «Ի՞նչ կա այս դարակում», երբեմն ինչ-որ բանի ես հանդիպում և մտածում. «Ա՜խ, սա հետաքրքիր տեսք ունի», - ասել է նա։
Նմուշը գտել են Ջեյմս Ռոս կղզում, և դրա հայտնաբերումը գրանցվել է երկրաբան, դոկտոր Մայք Թոմսոնի նոթատետրում։ Բրածոյի փոքրիկ ուրվագծի կողքին 1985 թվականի դեկտեմբերի 9-ին նա գրել է. «Մեծ սողունի ող»՝ նշելով, որ այն մոտ 10 սմ լայնություն ունի։
Էվանսի խոսքով՝ բրածոն հայտնաբերած թիմը, հավանաբար, կարծել է, թե այն պատկանում է ծովային սողունի։
Սակայն այն տեսնելուն պես Էվանսը հասկացել է, որ այն նման է դինոզավրի ողի։ Իսկ դրա հայտնաբերման ամսաթիվը նշանակում էր, որ դա մայրցամաքում հայտնաբերված առաջին դինոզավրի բրածոն է։
Իր վարկածը հաստատելու համար նա դիմել է Մեծ Բրիտանիայի Բնագիտական թանգարանի պրոֆեսոր Փոլ Բարեթին։
Աշխարհում հայտնաբերվել է տիտանոզավրերի ավելի քան 100 առանձնյակ։ Դրանք բուսակեր դինոզավրեր էին՝ երկար պոչով ու շատ երկար պարանոցով, որը նրանց օգնում էր հասնել ծառերի կատարներին։
Ամենամեծ տիտանոզավրերն ունեցել են 35 մ երկարություն և կշռել մոտ 60 տ։ Տվյալ պոչի ոսկորի ուսումնասիրությունից հետո գիտնականները եկել են եզրահանգման, որ Անտարկտիդայի տիտանոզավրն ունեցել է 7 մ երկարություն։
«Գուցե դա երիտասարդ դինոզավր էր, կամ գուցե այն իսկապես փոքրամարմին չափահաս էր», - ասել է Բարեթը։
Այս դինոզավրը, հավանաբար, ապրել է 82 միլիոն տարի առաջ՝ ուշ կավճի ժամանակաշրջանում, երբ Անտարկտիդան բոլորովին տարբեր էր՝ ծածկված էր խիտ անտառներով և բավարար սնունդ էր ապահովում բուսակեր կենդանիների համար։
1985 թվականից հետո Անտարկտիդայում դինոզավրի այլ բրածոներ նույնպես հայտնաբերվել են, սակայն դրանց թիվը մեծ չէ։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Երկու անձնագրերն իրար հետ բովանդակային որևէ աղերս չունեն
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք