Միլանում փախստականը բարձրացել է եղեւնու վրա եւ փորձել է հանել խաչը
Իտալիայի Միլան քաղաքում Գամբիային Իտալիա տեղափոխված փախստականը բարձրացել է սուրբծննդյան եղեւնու վրա, որպեսզի վրայից հանի խաչը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Il Giornale պարբերականը։
Միջադեպը տեղի է ունեցել Դուկ Դոստա հրապարակում՝ կենտրոնական կայարանի դիմաց: 21-ամյա աֆրիկացին մի փոքր շրջելուց հետո սկսել է բարձրանալ ծառը:
Երիտասարդի գործողությունները դադարեցվել են ոստիկանության աշխատակիցների միջամտությամբ: Երբ աշխատակիցը հարցրել է նրան, թե ինչ է նա անում, վերջինս ցույց տալով խաչը ասել է. «Ծառը լավը չէ»:
Ոստիկանությունը նրան հանձնել է ներգաղթային ծառայությանը հնարավոր հայրենադարձության գործընթաց սկսելու համար: Սակայն պարզվել է, որ Գամբիայի բնակչին Բրինդիզի շրջանում որպես փախստականի տրվել է մշտական բնակության թույլտվություն: Դեռեւս հայտնի չէ`ինչ հիմքերով է նա ստացել այդ կարգավիճակը։
Միգրանտը հայտարարել է, որ իր մշտական բնակության վայրը Օստունին է՝ Բրինդիզի շրջանում: Դրանից հետո հանձնակատարը հրամանագիր է ստորագրել տվյալ անձի Միլանում գտնվելու անթույլատրելիության եւ հնարավորինս կարճ ժամանակում երկրի հարավ վերադառնալու մասին: Սակայն, երբ փախստականին պատրաստվում էին տեղափոխել, նա ագրեսիվ պահվածք է դրսեւորել, եւ որպես նախազգուշական միջոց նրան տեղափոխել են տեղի հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունք: Լինելով բժիշկների հսկողության տակ՝ նա դրսեւորել է ոչ ադեկվատ վարքագիծ:

















































