Մեքսիկայում 17-ամյա բլոգերին սպանել են՝ նարկոբարոնին վիրավորելու համար
Մեքսիկայի Կուլիական քաղաքի բնակիչ, սոցցանցերում «Պիրատ» մականունով հայտնի բլոգերը սպանվել է մեքսիկական բարերից մեկում՝ նարկոբարոնի վիրավորելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Խոսքը 17-ամյա Խուան Լուիս Լագունասի մասին է, նրա սպանության լուրը հրապարակվել է նրա Facebook-ի էջում։
Վերջին երկու տարում նա մեծ ճանաչում է ձեռք բերել սոցցանցերում՝ իր էպատաժային վարքագծի, զենքերի, վագրերի, գեղեցիկ կանանց, մեքենաների, ոստիկանության ու զինծառայողների, երեկույթներից լուսանկարների շնորհիվ, որոնցում բազմիցս պատկերվել է, թե ինչպես են օգտագործում թմրանյութեր ու ալկոհոլ:
Այս ամենը շարունակվել է այնքան, մինչև որ Լագունասը ալկոհոլի ազդեցության տակ իրեն թույլ է տվել սեռական բնույթի վիրավորական արտահայտություն հնչեցնել «Մենչո» մականունով Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսի հասցեին: Վերջինս համարվում է «Խալիսկո. Նոր սերունդ» նարկոկարտելի առաջնորդը։ Բլոգերի խոսքերը հրապարակվել են սոցցանցերում, ինչից որոշ ժամանակ անց Լագունասը սպանվել է բարերից մեկում։ Նրա մարմնից ավելի քան 15 փամփուշտ են հանել:

















































