Աճուրդում 163 կարատ կշռող ադամանդը ռեկորդային գնով է վաճառվել
Christie's աճուրդում անթերի մաքուր, 163 կարատ կշռող ադամանդով յուրահատուկ զարդը վաճառվել է ռեկորդային՝ 33,5 մլն շվեյցարական ֆրանկով (33,7 մլն դոլարով), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Աճուրդը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան Ժնեւում: Աճուրդի տան կատալոգում զարդի նույնիսկ կողմնորոշիչ արժեքը չէր նշված: Այն վաճառվել է 29,5 մլն դոլարով եւ 4 մլն միջնորդավճարով:
Անթերի մաքուր 163 կարատ կշռող ադամանդը, որն ավելի փոքր չափի 18 ադամանդների եւ տանձակերպ 66 զմրուխտների հետ տեղադրված է մանյակի վրա, աճուրդի դրված ամենախոշոր քարն է: Զարդը ստեղծել է de GRISOGONO ոսկերչական տունը մեկ օրինակով: Ադամանդը հղկվել է 404 կարատ կշռող ալմաստից, որը գտնվել է 2016 թվականի փետրվարին Անգոլայում: Քարի հղկումը 11 ամիս է տեւել, աշխատել է 9 փորձագետ ոսկերիչ:
Երկրոդ եզակի լոտը 19 կարատ կշռող վարդագույն ադամանդ «Մեծ Մազարինին» էր, որը վաճառվել է 14,5 մլն դոլարով:

















































