Ճապոնիայում վերջապես հաջողվել է նինձյա գողին բռնել
Ճապոնիայում ոստիկանությանը վերջապես հաջողվել է նինձյա գողին բռնել: Ոստիկանների զարմանքն անսահման էր, երբ պարզվել է, որ պատերով թեթեւորեն «քայլել» կարողացող ճարպիկ գողը 74 տարեկան է, փոխանցում է AFP-ն:
Օսակայի ոստիկանությունը փակուղում էր հայտնվել գողությունների պատճառով: Ոստիկանների տրամադրության տակ էին միայն տեսախցիկների նկարահանումները, որոնցում նինձյայի նման ոտից գլուխ սեւ հանդերձով տղամարդ էր երեւում: Մայիսին, սակայն, գողի դիմակն ինչ-որ ձեւով ցած է սահել, եւ նրա դեմքը հայտնվել է խցիկում: Ոստիկանները պարզել են, որ նա 74-ամյա Միցուակի Տանիգավան է, որը նախկինում էլ է գողությամբ զբաղվել: Ոստիկանները որոշել են նրան գողոնով հանդերձ բռնել, սակայն դա այնքան էլ հեշտ չէր, եւ նրան չեն կարողացել հետեւել, քանի որ պատերի վրայով էր տեղաշարժվում: Նրան բռնել են, երբ ավարով տուն է վերադարձել: Նա խոստովանել է, որ «ատում է աշխատելը»: Նրա խոսքով՝ իրեն ընդամենը 10 րոպե էր պետք, որ տուն մտնի, երբ մարդիկ քնած են, եւ գողանա հիմնականում կանխիկ փողը: Նա նաեւ հայտնել է, որ ոստիկաններն իրեն չէին կարողանա բռնել, եթե ավելի երիտասարդ լիներ:
Նրան մեղադրանք է առաջադրվել ավելի քան 254 գողության համար, որոնք կատարվել են վերջին 8 տարիներին եւ ընդհանուր կազմել են 30 մլն իեն (260 000 դոլար):

















































