Էրդողանը հայտարարել է, որ չի հասկանում Ռուսաստանից С-400 համալիրներ գնելու առնչությամբ ԱՄՆ-ի անհանգստությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի տեսնում ոչ մի պատճառ Վաշինգտոնի կողմից անհանգստության համար Անկարայի ու Մոսկվայի միջև ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների գնման շուրջ բանակցությունների առնչությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ավելի վաղ ԱՄՆ զինուժի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավարն ասել էր, որ ռուս-թուրքական գործարքը կառաջացնի Վաշինգտոնի անհանգստությունը։
«Ինչո՞ւ այն պետք է առաջացնի անհանգստություն։ Յուրաքանչյուր երկիր պետք է որոշակի միջոցառումներ ձեռնարկի իր անվտանգության ապահովման համար»,- ասել է թուրք առաջնորդը։
Նա նաև ընդգծել է, որ ռուսական ու թուրքական համապատասխան գերատեսչություններն այժմ գտնվում են բանակցային փուլում, և վստահություն է հայտնել, որ Թուրքիան «կանի այդ քայլը»։
ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մետիսն օրեր առաջ ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու Թուրքիայի պլաններն անվանել էր «երկրի սուվերեն որոշումը»։ Այդ մասին նա ասել է լրագրողների հետ հանդիպմանը։ Մետիսի խոսքով՝ հնարավոր գործարքը հարցեր է առաջացնում, թե ինչպես Թուրքիան կարող է ապահովել ռուսական համալիրների համատեղելիությունը ՆԱՏՕ-ի տեխնիկայի հետ։ «Դրանք երբեք համատեղելի չեն լինի»,- ասել էր Պենտագոնի ղեկավարը։
Նա կոչ էր արել հետևել իրադարձությունների զարգացմանը։ «Իսկապե՞ս նրանք կկիրառեն С-400-ները»,-նշել էր ամերիկացի պաշտոնյան։
Հունիսի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Թուրքիային С-400 վաճառելու Ռուսաստանի պատրաստակամության մասին։

















































