Թուրքիայում արգելափակել են քրդական լրատվամիջոցներից մեկի կայքը
Թուրքիայում արգելափակել են քրդական «Սուժին» պարբերականի ինտերնետային կայքը, հայտնում է demokrathaber.org կայքը։
«Սուժին»-ը լուրեր էր հրապարակում քրդերենի մի քանի բարբառներով, ինչպես նաև թուրքերենով, արաբերենով և անգլերենով։
Պարբերականը նաև հաճախ էր անդրադառնում Հայոց ցեղասպանությանն ու այն վերապրածների պատմություններին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայում հակապետական քարոզչություն իրականացնելու մեղադրանքով փակվել էր 12 քրդական մասնավոր հեռուստաալիք: Հեռուստաալիքների ղեկավարությունները, մասնավորապես, մեղադրվել են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» (ՔԱԿ/PKK) խմբավորմանն աջակցելու և նրանց քարոզչությամբ զբաղվելու համար:
Ամիսներ առաջ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մամուլի ազատության վերաբերյալ պահանջներ է ներկայացրել Թուրքիային:
Եվրախորհրդի պատգամավորների դատին հանձնված զեկույցը, որն ընդունվել է 110 կողմ, 15 դեմ ձայների հարաբերակցությամբ, պահանջում է Թուրքիայից ազատ արձակել ահաբեկչական միջոցառումներին մասնակցելու մեղադրանքով ձերբակալված լրագրողներին, վերանայել Թուրքիայի քրեական օրենսգրքի «Թրքությունը վիրավորելու» մասին 301-րդ հոդվածը, ինչպես նաև «նախագահին վիրավորելու» մասին 229-րդ և «ժողովրդի մեջ ատելություն սերմանելու» մասին 216-րդ հոդվածները: Զեկույցը նաև կոչ է անում վերանայել համացանցի հրապարակումների վերաբերյալ մեղադրանքներն ու թուլացնել Թուրքիայի պետական հեռուստաալիքի նկատմամբ պետական վերահսկողությունը:

















































