Ոչ մի պատգամավոր չի տուժել, բոլորս էլ անվտանգ վայրում ենք. Ներկայացնում է Իրանի հայ պատգամավորը
Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի հայազգի պատգամավորներ Կարեն Խանլարյանը եւ Ժորժիկ Աբրահամյանն այսօր՝ հունիսի 7-ին, Իրանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունից չեն տուժել, այժմ էլ նրանք անվտանգ վայրում են: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը:
«Առավոտյան ժամը 10:00-ի սահմանում է եղել հարձակումը, մենք պատգամավորներով նիստերի դահլիճում ենք եղել, իսկ ահաբեկչությունը եղել է հարակից վարչական շենքում, որտեղ պատգամավորների գրասենյակներն են: Մենք անգամ չենք էլ լսել կրակոցների, պայթյունի ձայն, ոչ մի պատգամավոր չի տուժել, բոլորս էլ անվտանգ վայրում ենք»,-ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ այս պահին իրավիճակը Իրանի մայրաքաղաքում հանգիստ է, ահաբեկիչները սպանվել են: Նրա խոսքով, Իրանում հայ համայնքի ներկայացուցիչները եւս անվտանգ են, նրանց որեւիցե վտանգ չի սպառնում, իսկ ինքը գրասենյակում է եւ այս պահին աշխատանքի մեջ է:
Հիշեցնենք, որ կանացի հագուստով չորս զինյալներ ներխուժել են Իրանի խորհրդարան, հարձակման է ենթարկվել նաեւ Իմամ Խոմեյնիի դամբարանը: Իրականացված ահաբեկչությունների հետեւանքով 12 մարդ է զոհվել, վիրավորների թիվը հասել է 39-ի: ԻՊ-ը ստանձնել է պատասխանատվությունը:

















































