ԻՊ-ը ստանձնել է Լոնդոնի ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը ստանձնել է հունիսի 3-ի երեկոյան Լոնդոնի կենտրոնում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության պատասխանատվությունը, հայտնում է Reuters-ը` խմբավորման Amaq մեդիա ռեսուրսին հղումով:
«ԻՊ-ի ճյուղի մարտիկները երեկ զոհվել են Լոնդոնում կատարված հարձակումների ժամանակ»,-նշվում է գործակալության տարածած հայտարարությունում:
Հայտնի է, որ Սիրիայում և Իրաքում իր տարածքները կորցնող ԻՊ-ը Telegram հաղորդագրային ծառայության միջոցով կոչ էր արել իր հետևորդներին մուսուլմանների համար սրբազան համարվող Ռամադան ամսվա ընթացքում միկրոավտոբուսների ու սառը զենքի կիրառմամբ հարձակումներ իրագործել «խաչակիրների» դեմ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Լոնդոնի ոստիկանությունը հրապարակել է հունիսի 3-ի երեկոյան Լոնդոնի կամրջի վրա և Բորո շուկայի տարածքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների զոհերի ստույգ թիվը, որը հասել է 7-ի:
Հայտնի է, որ հունիսի 3-ի երեկոյան անհայտ անձինք սպիտակ մեքենայով բարձր արագությամբ դուրս են եկել Լոնդոնի կամրջի՝ հետիոտների համար նախատեսված հատված՝ վրաերթի ենթարկելով մարդկանց: Այնուհետև որսորդական դանակներով զինված տղամարդիկ դուրս են եկել մեքենայից ու հարձակվել անցորդների վրա: Նմանատիպ հարձակումներ են տեղի ունեցել նաև Վոքսհոլ թաղամասի տարածքներում:
Միջադեպերից որոշ ժամանակ անց Լոնդոնի ոստիկանությունը Բորոյում և Լոնդոնի կամրջի վրա կատարվածն ահաբեկչական հարձակում է որակել՝ ընդգծելով, որ Վոքսհոլի միջադեպը դրանց հետ առնչություն չունի:
Հայտնի է նաև, որ Լոնդոնում մարդկանց վրա հարձակված բոլոր 3 ահաբեկիչները սպանվել են:

















































