Աթեշյանի հրաժարականի պատճառը ստամբուլահայ համայնքի ճնշումն էր. թուրքական լրատվամիջոցների անդրադարձը
Թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականն, անդրադառնալով Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնը զբաղեցնող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հրաժարականին, գրել է, որ Ստամբուլի հայ համայնքը երկար ժամանակ է, ինչ դժգոհ էր Աթեշյանի կատարած մի շարք քայլերից և ամենատարբեր կերպով փորձել ճնշում գործադրել վերջինիս վրա, ինչին էլ ի վերջո հետևել է նրա հրաժարականը:
Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին կայացնել նոր ընտրությունների անցկացման որոշում՝ ցանկանալով իրենց առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի:
Ստամբուլի հայ համայնքը վերջին ամիսներին ամենատարբեր միջոցներով բոյկոտել է Աթեշյանի մատուցած պատարագներն ու ելույթները, կազմակերպել ստորագրահավաքներ՝ պահանջելով Աթեշյանի հրաժարականը:
«Հայկական համայնքի ներսում ծավալված զարգացումներից հետո Ստամբուլի հայ համայնքի հիմնադրամների ղեկավարների ու բարերարների հետ այսօր կայացած հանդիպման ընթացքում Աթեշյանը հայտնել է իր հրաժարականի մասին», -գրում է թուրքական մեկ այլ լրատվամիջոց՝ demokrathaber.org կայքը:
Նշենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:
Հիշեցնենք, որ փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Արամ Աթեշյանի հակառակորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել էր ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը գրություն էր ուղարկել, որն իրավաբանորեն անհնար էր համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին էր ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ