Թրամփ. Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարը ճնշում էր գործադրում ինձ վրա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ընդունելով ռուս դիվանագետներին
Օվալաձեւ կաբինետում, պատմել է, որ, աշխատանքից ազատելով Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Կոմիին, ինքն ազատվել է «ուժեղ ճնշումից»: Այս մասին գրում է «The New York Times»-ը՝
հղում անելով Սպիտակ տանը արված ծառայողական գրառումներին:
«Ես պարզապես աշխատանքից ազատեցի ՀԴԲ ղեկավարին: Նա ցնորված էր, իսկական աննորմալ»,- ասել է Թրամփը: «Ինձ վրա ուժեղ ճնշում էր գործադրվում Ռուսաստանի պատճառով: Հիմա դա չկա»,- նշել է նա: «Ես ինքս հետաքննության տակ չեմ»,- ավելացրել է նախագահը:
Մեկնաբանելով իրավիճակը՝ Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սպայսերը հայտարարել է, որ Կոմին «չարդարացված ճնշում էր գործադրում» նախագահի՝ Ռուսաստանի հետ Սիրիայի, Ուկրաինայի եւ իսլամական ահաբեկչության շուրջ դիվանագիտական երկխոսություն վարելու հնարավորության վրա: Նա գերատեսչության կողմից տարվող «Ռուսաստանի գործողությունների» հետաքննությունը որակել է որպես քաղաքականացված:

















































