Թերեզա Մեյը Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրություններ է նշանակել
Մեծ Բրիտանիայում հունիսի 8-ին կանցկացվեն վաղաժամ խորհրդարանական ընտրություններ, կձևավորվի նաև նոր կառավարություն: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, հայտնում է BBC-ն:
Բրիտանական կառավարության ղեկավարի խոսքով՝ երկրում Եվրամիությունից դուրս գալու հարցով հանրաքվեից հետո պահանջվում է որոշակիություն, կայունություն և ուժեղ ղեկավարություն:
Ընտրությունների անցկացման մասին օրենքի նախագիծը խորհրդարան կմտնի չորեքշաբթի՝ ապրիլի 19-ին: Այն ընդունելու համար անհրաժեշտ է խորհրդարանականների երկու երրորդի աջակցությունը:
2017 թվականի մարտի 28-ին Մեծ Բրիտանիայի վարչապետը ստորագրել է նամակ՝ տեղեկացնելով Եվրամիության իշխանություններին Brexit-ի գործընթացի մեկնարկը պաշտոնապես տալու մասին:
ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու մասին որոշումը կայացվել է 2016 թվականի հունիսի 23-ի հանրաքվեի ժամանակ:

















































