Մարին Լը Պենը դարձել է ամենաքննարկվող ֆրանսիացի քաղաքական գործիչն ԱՄՆ-ում
Ֆրանսիայում առաջիկա նախագահական ընտրությունները հետաքրքրում են ոչ միայն ֆրանսիացի ընտրողներին, այլեւ ամերիկացիներին։ ԱՄՆ-ում ամենաքննարկվողը «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի թեկնածությունն է։ Այս մասին հաղորդում է BFM-TV հետուստաալիքը՝ վկայակոչելով Linkfluence ընկերության հետազոտությանը, որը զբաղվում է համացանցում հարցումների ու միտումների ուսումնասիրությամբ, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
Ինչպես պարզել են մասնագետները՝ ուսումնասիրելով ԱՄՆ-ի համացանցային տիրույթում մոտ 1,5 մլն մեկնաբանություններ, Ֆրանսիայում ընտրությունների շուրջ քննարկումների մոտ 50 տոկոսը վերաբերում է Մարին Լը Պենին։ Եվ գրառումների մեծամասնությունը դրական բնույթ է կրում։
Ընդհանուր առմամբ, անգլալեզու ֆորումներում «Ազգային ճակատ»-ի առաջնորդին հատկացվում է կոնտենտի մոտ 20 տոկոսը՝ կապված Ֆրանսիայում ընտրապայքարի հետ։ Linkfluence-ի տվյալներով, մյուս թեկնածուները՝ Էմանուել Մակրոնը, Ֆրանսուա Ֆիյոնն ու Ժան-Լյուք Մելանշոնը, պակաս հանրաճանաչ են։ Նրանց վերաբերում է ԱՄՆ-ում համացանցային քննարկումների 5 տոկոսը։

















































