Վերաբացված Հոկտեմբերի 27․ Ջհանգիրյանը սկսել է խոսել, դատախազությունը նոր փաստեր է հրապարակում
ՀՀ պետականության ամենալուրջ սպառնալիքներից մեկը համարվում է 1999 թվականի հոկտեմբերի 27–ի ոճրագործությունը։ Որոշ գնահատականների համաձայն, այն շրջեց պետության ընթացքը և փոխեց երկրի ճակատագիրը, իսկ հետևանքները զգացնել են տալիս մինչև այսօր։
1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի վրա հարձակումը տեղի ունեցավ կառավարության հետ հերթական հարց ու պատասխանի ժամանակ։ 8 հոգուց բաղկացած ահաբեկչական խմբի գործողություններից զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահը, վարչապետը և 6 այլ պետական գործիչներ ու պատգամավորներ։ 8 մարդ վիրավորվել էր, իսկ 91-ը՝ գերեվարվել։ Ահաբեկչության հետ կապված բազմաթիվ հարցեր, սակայն, դեռ անպատասխան են։ 2019 թվականին քրեական գործը վերաբացվել է։
Հոկտեմբերի 27–ի ահաբեկչությունից 27 տարի անց Գլխավոր դատախազությունը նոր փաստեր է հրապարակում նախաքննությունից։ 2019 թվականին քրեական վարույթի վերաբացումն ունի հիմնական մեկ նպատակ, ասում է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը․
«Բացահայտված են անողները, պատվիրատուները բացահայտված չեն»։
Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, քրեական վարույթի վերաբացումից հետո կատարվել են շուրջ մեկ տասնյակ հարցաքննություններ և լրացուցիչ հարցաքննություններ, ուղարկվել են տեղեկատվության պահանջի մասին դիմումներ, առգրավվել և ուսումնասիրվել են մի շարք գաղտնի փաստաթղթեր, իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ, քրեական վարույթով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ 3 հանձնարարություններ են տրվել օպերատիվ մարմնին։
Այս ամենը առայժմ զուտ որպես վիճակագրական ամփոփում է գնահատում Հայաստանի նախկին զինվորական դատախազ, «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործի նախաքննության ղեկավարներից Գագիկ Ջհանգիրյանը։ Քրեական գործը հենց սկզբից ղեկավարած Ջհանգիրյանը տարբեր մանրամասներ է հիշում։ Նա Գլխավոր դատախազությանն ու նախաքննական մարմիններին առաջարկում է օգտագործել իր խմբի հնարավորությունները, այն մարդկանց գիտելիքներն ու հմտությունները, որոնք առաջին օրվանից աշխատել են այդ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Նախկին պաշտոնյան համոզված է, որ միայն այդ միջոցով նախաքննությունն իրական արդյունքներ կարձանագրի։
«Դա բարդագույն քաղաքական և իրավական հանցագործություն է, և իրենք հիմա պարտավոր են իմ քննչական խմբի, այդ մարդկանց ունակություններն օգտագործել»։
Մասնագետի կողմից «բարդագույն» որակվող հանցագործությունը 27 տարի առաջ այլ գնահատական էր ստացել։ Այն ժամանակ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել էր՝ դա «ուչաստկովիի գործ» է, այսինքն՝ բացահայտելու առանձնապես բան չկար։ Մինչդեռ տարիներ շարունակ ահաբեկչության զոհերի հարազատները համոզված են եղել ու պնդել են, որ գործը մինչև վերջ բացահայտված չէ։ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը անհիմն է համարում մեղադրական սլաքները, որոնք ուղղվում են իր հոր՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ։
«Շատ ժամանակ հարցը այնպես է տրվում, կարծես դա որպես փաստ է, որ ինչ–որ պատվիրատու է եղել, որը չի բացահայտվել։ Անկեղծ եմ ասում, ես չգիտեմ` դա այդպե՞ս է, թե՞ չէ։ Բայց ինձ համար՝ անձնապես, մեր համար՝ իմ ընտանիքի համար, շատ անընդունելի է և վիրավորական, երբ այս ամեն ինչի մեջ փորձում են ուրիշ կոնտեքստում նաև մեղավորության սլաքներ ուղղել։ Բացի նրանից, թե ինչ ծանր օր էր դա մեր պետականության, մեր երկրի համար, դրանից բացի նաև մեր ընտանիքի համար, այդ օրը անձնական ողբերգություն էր, որովհետև այստեղ զոհվել են նաև մարդիկ, ովքեր մեր ընտանիքի ընկերներն էին»։
Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգրիյանը տարիներ առաջ խոստացել էր, որ «Հոկտեմբերի 27»-ի գործի մասին կխոսի այն ժամանակ, երբ պաշտոն չի ունենա։ Այսօր արդեն նա փակագծեր է բացում, բայց էլի՝ ոչ ամբողջությամբ։ Նախ՝ հիշում է, թե ինչ պայմաններում է աշխատել իր քննչական խումբը։
«Մինչև մի վկա հասել է մեզ 4-5 բարձր պաշտոնյաների կաբինետ է անցել, հասկանո՞ւմ եք։ Մեր ժամանակ, դուք չեք պատկերացնի, թե ինչ պայմաններում ենք մենք աշխատել։ Առաջին 6-րդ օրը իմ քննչական խմբի պետը` Արտակ Հարությունյանը գնում է, որ մեքենան կայանի ավտոտնակ, տեսնում է սպիտակ մեծ թղթի վրա ֆլոմաստերով գրած է` «շատ չեք արագ գնո՞ւմ, վախ չունե՞ք»»։
«Հոկտեմբերի 27»-ի քրեական գործն, ի դեպ, առեղծվածային էր տարբեր պատճառներով։ Առաջին հերթին՝ մեղադրյալների և դատապարտյալների, ինչպես նաև առանցքային վկաների անսպասելի մահերով։ Մեկ տասնյակի հասնող մահեր են արձանագրվել տարբեր պատճառներով՝ ավտովթար, ինքնասպանություն, սննդային թունավորում, էլեկտրահարում, սրտի կաթված։
Նախկին զինդատախազի կարծիքով՝ վերաբացված գործով նախաքննական մարմինը անպայման պետք է ուշադրություն դրաձնի մի դրվագի։ Ինչո՞ւ գլխավոր ոճրագործները՝ Նաիրի Հունանյանը և ցմահ դատապարտված ևս երեք հոգի, ի տարբերություն գործով մյուս դատապարտվածների, վերաքննիչ բողոք չեն ներկայացրել վիճարկելու իրենց վճիռը։ Նախկին զինդատախազ Ջհանգիրյանը այդ քայլը անտրամաբանական է համարում՝ առավել ևս հիշեցնելով, որ 2003–ին Հունանյանը որպես «ազգի փրկիչ» փորձել է նախագահի թեկնածու առաջադրվել, հետևաբար շահագրգռված կլիներ իրեն արդարաձնելու քայլեր ձեռնարկել։
«Դատարան չի հասել Նաիրի Հունանյանի, Կարեն Հունանյանի, Էդիկ Գրիգորյանի, Վռամ Գալստյանի վերաքննիչ բողոքները, որ հնարավոր չէր, որ չգրվեին։ Բացի նրանից, որ նրանք պիտի գրեին, նաև իրենց փաստաբանները պետք է գրեին այդ բողոքները։ Բայց այդ բողոքները ինչո՞ւ չեն գնացել։ Ենթադրում եմ, որ այդ բողոքների մեջ ինչ-որ աննպաստ հանգամանքներ են հիշատակված եղել, հատկապես 27-ի լույս 28–ի հետ գիշերը տեղի ունեցող բանակցությունների՝ Քոչարյան, Նաիրի Հունանյան, Ալեքսան Հարությունյան, և այդ բանակցությունների ընթացքում տրված երաշխիքների շուրջ։ Արդեն ցմահը իրենք, որ դատապարտվել են, էլ կորցնելու ոչինչ չեն ունեցել, բնականաբար, ինչ ունենային, արդեն պետք է ասեին դատարանում։ Հասկացա՞ք։ Հիմա ինչքան շուտ հայտնաբերեն այդ փաստաթուղթը, այդքան լավ։ Ոչ ոք ինձ չի կարող համոզել, որ Նաիրի Հունանյանը վերաքննիչ բողոք չի գրել»։
Քրեական գործի առաջին օրվանից բոլոր մանրամասներին և նրբություններին տիրապետող փաստաբան, ԱԺ նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը վերաբացված նախաքննության ընթացքում հանդիպել է վարույթն իրականացնող մարմնի ղեկավարին։
«Այսքան տարիների մեջ ,ում հետ ես շփվել եմ այդ գործի հետ կապված, առաջին անգամ ես հանդիպել եմ քննչական խմբի պետի, ով 100%–ով տիրապետում է քրեական գործին։ Շատ հետաքրքիր վարկածներով, որի մասին չեմ բարձրաձայնի՝ նախաքննության գաղտնիք է, հետաքրքիր վարկածներով, հետաքրքիր մոտեցումներով։ Մենք դատարանում շատ բաներ ենք առաջ բերել, որի մի փաստի, էլի չեմ ասի, որ մի փաստի հետ, և՛ քննչականի խմբի պետը, և՛ դեպարտամենտի ղեկավարը նույնպես համաձայնում է, որ կան մեծ հակասություններ քրեական գործի, նախաքննության և այն իրականության մեջ, որը մենք գիտենք։ Այս գործով տուժողը պետությունն է։ Եթե պետությունը բոլոր իր լծակներն օգտագործի, միգուցե կարող են բացահայտել»։
Ահաբեկչությունից տուժողների ընտանիքի անդամները տարիների ընթացքում սկսեցին ավելի քիչ խոսել քրեական գործից և արդարադատության ակնկալիքներից։ Ընթացքում եղավ անգամ այնպիսի պահ, որ տուժողների իրավահաջորդները որոշեցին չմասնակցել դատական նիստերին՝ դրանք համարելով ձևական և անիմաստ։
Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը քաղաքական գործիչները, շարքային քաղաքացիներն ու տուժողների ընտանիքի անդամները տարբեր տեղերում են հարգել՝ ԱԺ-ի բակում, Եռաբլուրում, պանթեոնում՝ նորից այն հույսով, որ վերաբացված քրեական գործի նախաքննությունը կտա 27 տարի շարունակ անպատասխան մտացած հարցերի պատասխանները։
armradio.am


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Մակրոնը մեղադրել է օտարերկրյա առաջնորդներին Ֆրանսիայի անկարգությունների թեման շահարկելու մեջ
Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում
Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավա...
Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջարդվել
Տեղի է ունեցել Մատենադարանի այգու հիմնարկեքի արարողությունը