Այրարատ կինոթատրոնն ու այլ գույքեր՝ իրավական վեճի կենտրոնում
Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակներում նոր իրավական գործընթացներ է նախաձեռնել։
Ուշադրության կենտրոնում են Երևանի «Այրարատ» («Ռոսիա») կինոթատրոնի մասնավորեցումը, Դիլիջանի նախկին մանկապարտեզի շենքը, ինչպես նաև նախկին պաշտոնյաների հետ կապված ապօրինի գույքի բռնագանձման հայցերը։ Մինչ Հակակոռուպցիոն դատարանն ընդունում է հայցադիմումները և կիրառում գույքերի արգելանք, «Սիլ» կոնցեռնում պնդում են, որ գործընթացն անհասկանալի է, իսկ մասնավորեցումն իրականացվել է օրենքի տառին համապատասխան։
«Սիլ» կոնցեռնի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանը «Ռադիոլուրին» փոխանցեց՝ այն, ինչ նախօրեին ասել է, ավելացնելու ոչինչ չունի։ Իսկ նախօրեին Մկրտչյանը լրատվամիջոցներին փոխանցել էր, որ բացարձակապես տեղյակ չեն դատական վարույթից և դատախազության գործողություններից։ Իրենք էլ այդ մասին իմացել են միայն գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից։ Աննա Մկրտչյանը նաև նշեց, որ իրենց համար ևս անհասկանալի է, թե ինչով է պայմանավորված այդ վարույթը։
«Շենքի մասնավորեցման ողջ գործընթացը կատարվել է օրենքի շրջանակներում, պայմանագրի բոլոր պայմանները պահպանված են և կատարվել են»։
Մկրտչյանը տեղյակ չէր՝ ընկերության իրավաբանները ստացե՞լ են հայցադիմումը, թե՞ ոչ։ Իսկ Գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով, ի թիվս այլնի, բռնագանձել Երևանի «Այրարատ» կինոթատրոնը։ Այդ կառույցը պատկանում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՔՊ խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։ Գլխավոր դատախազության պահանջի հիմքում դրված է այն, որ մինչև 2017 թվականի հունվարի 14-ը կինոթատրոնի սեփականաշնորհման մասնավորեցման գործարքով սահմանված 1 մլն 550 հազար դոլարին համարժեք դրամի ներդրումները չեն կատարվել:
«Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 5-ի որոշմամբ, հայցադիմումն ընդունվել է վարույթ, նույն օրվա մեկ այլ որոշմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց. ՍՊԸ–ին արգելվել է կատարել ցանկացած գործողություն, որը կհանգեցնի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող անշարժ գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության»:
Նախկին «Ռոսիա» կինոթատրոնի շենքն ու հարակից տարածքները 2004 թ․ մարտի 10–ի որոշմամբ սեփականաշնորհվել է «Այրարատ» կինոթատրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ուղղակի վաճառքի ձևով։ Դրանք մասնավորեցվել են վարձակալ «Նարեկ» ՍՊԸ–ին` այն վերակազմակերպելով «Այրարատ» կինոթատրոն» փակ բաժնետիրական ընկերության: Կանոնադրական կապիտալը՝ 136 մլն 851 հզ դրամ է եղել։Սա ընկերության գրանցված հաշվեկշռային կապիտալի չափն է: Գույքը վաճառվել է առանց աճուրդի՝ 500 հազար դոլարով։ Մասնավորեցման պահին ընկերությունն ունեցել է ընդհանուր 2 մլն 428 հզ դրամ պարտք։
Խորհրդային տարիներին Երևանի բոլոր շրջաններն ունեին իրենց կինոթատրոնները։ Հայաստանի անկախացումից հետո դրանք մասնավորեցվեցին։ Այդ կառուցների մեծ մասն արդեն կինոթատրոն չէ։ «Այրարատ» կինոթատրոնն էլ վաղուց առևտրի կենտրոն է դարձել։
Շենքը կառուցվել է 1974 թվականին։ Այն խորհրդային մոդեռնիզմի վառ օրինակներից է: Կառույցի հեղինակներն են ճարտարապետներ Արթուր Թարխանյանը, Սպարտակ Խաչիկյանը, Հրաչյա Պողոսյանը: Կինոթատրոնը ունեցել է երկու մեծ դահլիճ 1600 և 1000 նստատեղերով: Շենքի մյուս հատվածներում էլ եղել են ցուցասրահներ, պարասրահներ, սրճարաններ։ Այսինքն՝ կինոթատրոնը եղել է ժամանակի մշակութային-ժամանցային գլխավոր կենտրոններից մեկը:
Բայց սա Գլխավոր դատախազության միակ պահանջը չէ։ Տավուշի մարզի դատախազությունը 2026 թվականի սեպտեմբերի 22-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Արսօյլ» ընկերության և ֆիզիկական անձի՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի նախկին թիվ 9 մանկապարտեզի մասնաշենքի աճուրդն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու և գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ վերցնելու պահանջով:
Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, կիրառվել է հայցի ապահովման միջոց. արգելվել է կատարել ցանկացած գործողություն, որը կհանգեցնի գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության, այդ թվում՝ ցանկացած եղանակով օտարելը կամ նշված գույքը գրավադրելը:
ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է նաև 450 մլն դրամ բռնագանձել Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի դստեր ամուսնուց` Արմեն Լիպարիտի Մանուկյանից, որը տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեում։ Նշվում է, որ հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
armradio


















































Պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Ո՞վ է այսօր հեղինակություն դասարանում․ ուսուցչի օրվա մյուս կողմը
Պարեկային 2 ծառայող վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, կան ձերբակալվածներ
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
Շնորհակալություն ձեր ամենօրյա նվիրված ու պատասխանատու աշխատանքի համար
Հայաստանը կրկին դարձավ շախմատային էպիկենտրոն
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 2026 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը Հորդանանում 2 ընկերական հանդիպում կանցկացնի
Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների
Դպրոցական նոր ավտոբուսով Աճարկուտից Կիրանց, Ակնաղբյուրից Լուսաձոր (տեսանյութեր). Փաշինյան