Շնորհավոր, աղջիկ է. այնքան սպասված այս արտահայտությունը երբեմն, ցավոք, կարող է ճակատագրական դառնալ
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվել է «Վերարտադրողական առողջություն․ իրավունք և էթիկա» խորագրով հանդիպում-քննարկումը։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել վերարտադրողական առողջության իրավունքի երաշխավորմանը, ոլորտում առկա մարտահրավերներին, ինչպես նաև բժշկական էթիկայի և մարդու իրավունքների փոխկապվածությանը։
Առանձնակի ուշադրություն է դարձվել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրին։ Միջոցառման առանցքային ու հուզական պահերից էր այս թեմային նվիրված «Շնորհավոր, աղջիկ է» ֆիլմի ցուցադրությունը։
«Շնորհավոր, աղջիկ է». այս պարզ, բայց այնքան սպասված արտահայտությունը երբեմն, ցավոք, կարող է ճակատագրական դառնալ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով աշխարհում ամեն տարի կատարվում է շուրջ 73 միլիոն արհեստական ընդհատում, ընդ որում՝ բոլոր չպլանավորված հղիությունների գրեթե 60 տոկոսն ավարտվում է աբորտով իսկ դրանց մեծ մասն անցնում է անվտանգության կանոնների կոպիտ խախտումներով՝ սպառնալով կանանց կյանքին ու առողջությանը։
Միջազգային այս մտահոգիչ վիճակագրությանը զուգահեռ՝ Հայաստանում առկա է ևս մեկ ցավոտ խնդիր՝ սեռով պայմանավորված կամ սելեկտիվ աբորտները։ Երբ երեխայի սեռը նախապես հայտնի է դառնում, որոշ ընտանիքներում նախապատվությունը տրվում է տղաներին, ինչի հետևանքով աղջիկ երեխաների դեպքում հղիությունները ընդատվում են։
Ինչո՞ւ է սեռով պայմանավորված ընտրությունը շարունակում մնալ հասարակական ցավոտ խնդիր, և որտեղի՞ց է անցնում սահմանը մարդու իրավունքների ու վերարտադրողական էթիկայի միջև։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասաց, որ երբ խոսում ենք վերարտադրողական առողջության մասին, առաջին հերթին բախվում ենք մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության հարցին։
«Եթե կինը չի ստանում վերարտադրողական առողջության իրավունքի և, մասնավորապես, հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ բավարար տեղեկատվություն, սա նրա իրավունքների վրա ունենում է շատ լուրջ ազդեցություն։ Ըստ էության՝ թե՛ իրավունքից օգտվելու, թե՛ դրա բացասական հետևանքների ամբողջ կրողը դառնում է հենց կինը, որովհետև բոլորս գիտենք, թե հետագայում դա ինչ խնդիրների կարող է հանգեցնել»։
Մինչ կանայք բախվում են չպլանավորված կամ սելեկտիվ հղիությունների խնդիրներին, մյուս կողմից՝ մայրանալ ցանկացողները տարիներ շարունակ բախվել են օրենսդրական խոչընդոտների։
Խոսքը վերարտադրողական առողջության օժանդակ տեխնոլոգիաների մասին է, որոնցից օգտվելու համար օրենքը նախկինում սահմանում էր տարիքային շեմ:
«Իմ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի որոշումամբ, վերացվեց այն տարիքային շեմը, որից այն կողմ հնարավորություն չէր տրվում օգտվել վերարտադրողական առողջության օժանդակ տեխնոլոգիաներից, բնականաբար, ևս իրավունքի տեսանկյունից շատ կարևոր դերակատարություն ունի»։
Քննարկման ընթացքում ցուցադրվեց Ելենա Արշակյանի «Շնորհավոր, աղջիկ է» գեղարվեստական ֆիլմը։ Ֆիլմը նկարահանվել է հատուկ այս խնդրի շուրջ իրազեկվածությունը բարձրացնելու համար և արդեն իսկ ցուցադրվել է հանրապետության մի շարք մարզերում:
Ֆիլմի հիմնական խորհուրդն ու ուղերձը հանդիսատեսին հստակ էր՝ սեռը չի կարող և չպետք է դատավճիռ լինի։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ միայն 2024 թվականին Հայաստանում գրանցվել է ավելի քան 9,000 աբորտ, սակայն այս թիվը արտացոլում է միայն կլինիկաներում և պաշտոնական հաստատություններում կատարված միջամտությունները։
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի Լцւսինե Բադալյանը «Ռադիոլուր»-ի հետ զրուցում ասաց, որ իրական պատկերն ավելի մտահոգիչ է. բազմաթիվ կանայք ստվերում կամ տնային պայմաններում դիմում են չկարգավորված դեղորայքային մեթոդների։
«Հղիության ընդհատման անցավ՝ դեղմիջոցների կիրառման տարբերակով, որի որոշ չափով պետությունը պայքարում է, և առանց դեղատոմսի դեղերը բաց չեն թողնվում, բայց արդեն այս վիճակագրությունը ցույց է տալիս, որ մենք ամենայն հավանականությամբ ունենք սև շուկա, և պետք է ավելի խստացնենք»։
Անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանի որ մարզում է աբորտների և մասնավորապես սեռով պայմանավորված հղիությունների ընդհատման թիվն ամենաբարձրը եղել, Լուսինե Բադալյանը մանրամասնեց․
«Հատկապես սեռով պայմանավորված հղիությունների ընդհատումը ամենաբարձրը եղել է Գեղարքունիքի մարզում՝ մասնավորապես Գավառ քաղաքում։ Էդպես է եղել միշտ, և այս պահին էլ շարունակում է մնալ ամենաբարձրը»
Բադալյանը շեշտեց, որ այս պահին պետությունը լայնածավալ աշխատանքներ է իրականացնում իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ, որի վառ օրինակն է հենց այս ֆիլմի ցուցադրությունը։ Նա շեշտեց, որ աբորտների պատճառներից մեկը հետևյալն է՝
«Կարծում են, որ ամեն ընտանիքին էդ ազգանունը շարունակելու, տոհմը շարունակելու համար անպայման պիտի տղա զավակ ծնվի, և աղջիկները համարվում են այլ ընտանիքի, էսպես՝ ճրագը վառողներ, այսինքն՝ քոնը չի աղջիկը, և բոլորը ձգտում են տղա ունենալ։ Կարծում եմ՝ մեր ավանդական, էսպես, պատկերացումներով է դա պայմանավորված»։»
Հայաստանում օրենքով արգելված է հղիության արհեստական ընդհատումը երեխայի սեռը պարզելուց հետո, եթե չկան բժշկական կամ սոցիալական ցուցումներ։
Մասնագետները զգուշացնում են՝ անվերահսկելի կամ ստվերային ճանապարհով ձեռք բերված դեղերով հղիության ընդհատումը կարող է հանգեցնել լուրջ ու անդառնալի խնդիրների՝ վտանգելով կնոջ առողջությունն ու կյանքը։
armradio.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա