«Դրա շահառուն տասնյակ հազարավոր մարդիկ են». ՊՆ–ն արձագանքել է պարգևավճարների մասին տեղեկությանը
Պաշտպանության նախարարությունն արձագանքել է մամուլի հրապարակմանը, որտեղ նշվում է, որ ՊՆ–ում միլիոններով պարգևավճար են ստացել։ «Պարգևավճար է ստացել նաև զինված ուժերի ամբողջ անձնակազմը՝ մեկ պաշտոնային դրույքաչափով, և դրա շահառուն տասնյակ հազարավոր մարդիկ են»,–նշել են ՊՆ–ից։
Ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր. «ՊՆ-ում տարեվերջյան պարգեւատրումները նոր մեթոդով են անելու։ Կառավարությունն առաջին անգամ գործի է դրել պիլոտային ծրագիր, որի համաձայն՝ ՊՆ քաղաքական, հայեցողական եւ քաղծառայության պաշտոններ զբաղեցնողները պարգեւավճարներ կստանան 2025 թ. առաջին կիսամյակի համար սահմանված առաջնահերթությունների կատարողականի արդյունքներով։
Ըստ այդմ՝ 4 մլն 800 հազարական դրամ կստանան նախարարի երեք տեղակալները: 2 մլն 600 հազարական դրամ՝ նախարարի երկու խորհրդականները, վարչությունների պետերը, մամուլի քարտուղարը, քարտուղարության պետը, ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնի պետն ու եւս մի քանի հոգի։ Միայն այս խմբի պարգեւավճարի ընդհանուր գումարը կկազմի 146 մլն 296 հազար դրամ։ Նրանցից քիչ պակաս կստանան վարչության պետերի տեղակալներն ու բաժինների պետերը՝ մոտ 50 հոգի։ Նրանք էլ կպարգեւատրվեն 1 մլն 200 հազարական դրամով։
Ի տարբերություն վերնախավի՝ քաղծառայողները կպարգեւատրվեն 62-145 հազար դրամով։ «Թուլափայ են տալիս, որ ձեններս դուրս չգա, բայց չեն հասկանում՝ սրանով ավելի են վիրավորում։ Պահումներն էլ հանած՝ 50-90 հազար հազիվ ստանանք։ Դրանց հաշվարկի մեջ ոչ մի տրամաբանություն չկա։ Եթե այնքան փող կա, որ ավելցուկ է տվել` բաժանելով չի վերջանում, ուրեմն այնպես հաշվեիք, որ ռախիտի գլխի չնմանվեր՝ վերեւը՝ տռզած, ներքեւը՝ բարակ»,- դժգոհեց մեր աղբյուրը։
Բացի պարգեւավճարը, նախարարության ծառայողները մեկ դրույքաչափ էլ 13-րդ աշխատավարձ կստանան՝ 600-700 հազար դրամ։ «Խոպան են եկել, ոտը ոտներին գցած՝ միլիոններ են ստանում։ Բանակի բերնից կտրում՝ իրենց գրպանն են լցնում։ Թե ինչ է կատարվում սահմանին, ինչ վիճակում են դիրքերը, իրենց հետաքրքիր չէ»։ Միլիոնների պարգեւավճարը ՊՆ-ում համարում են նախընտրական շրջանի օրինականացված ընտրակաշառք»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը