Հայաստանն այսուհետ կարող է օգտագործել Ադրբեջանի երկաթուղային ենթակառուցվածքներն իր միջազգային առևտրի համար. Միրզոյան
Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը կարևորագույն հանգրվան էր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ «Արմենպրեսին» տված հարցազրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:Ըստ նրա` այդ նախաստորագրմամբ և դրան հաջորդած բանավոր հրապարակային հայտարարություններով ազդարարվեց, որ խաղաղությունը սահմանին էսկալացիաների բացակայության իմաստով արդեն իսկ հաստատված է և, ըստ էության, սկսվում է խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլը։ «Մեծ հաշվով նույնը կարելի է ասել ապաշրջափակման և ենթակառուցվածքների վերագործարկման մասին։ Չէի ցանկանա թյուր տպավորություն ստեղծել. ավարտվեց շատ կարևոր, հիմնարար՝ ենթակառուցվածքների գործարկման ընդհանուր սկզբունքների շուրջ բանակցությունների փուլը, բայց ընդամենը մեկ փուլը։ Առջևում հսկայական աշխատանք կա անելու ավելի կոնկրետ պայմանների և տեխնիկական լուծումների հստակեցման և համաձայնեցման ուղղությամբ։ Ուզում եմ նաև հավելել, որ Վաշինգտոնյան հռչակագրում արձանագրված պայմանավորվածություններն ակնհայտորեն էլ ավելի մեծ կշիռ են ստանում դրանում ամերիկյան կողմի մասնակցությամբ և որպես վկա ԱՄՆ նախագահի ստորագրությամբ», - ընդգծել է Միրզոյանը։Նա հայտարարել է, որ Վաշինգտոնյան հռչակագրով ձեռք բերված պայմանավորվածությամբ Հայաստանն ապաշրջափակվում է, մի բան, որը ՀՀ ձգտումն է եղել 35 տարի։ «Հայաստանն այսուհետ ստանում է հասանելիություն և կարող է օգտագործել Ադրբեջանի երկաթուղային ենթակառուցվածքներն իր միջազգային առևտրի համար», - նշել է Ա.Միրզոյանը։ Անդրադառնալով, Վաշինգտոնյան հռչակագրի հատկապես 3-րդ կետի շուրջ մեկնաբանություններին` ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը ասել է, թե տարբեր մեկնաբանությունների տեղ չկա։«Համաձայնեցված է այն, ինչ գրված է, պետք է կարդալ այն, ինչ գրված է, հասկանալ այնպես, ինչպես գրված է, ոչ ավել, ոչ պակաս։ Իսկ գրված է, որ ենթակառուցվածքների գործարկումը՝ ներառյալ նաև Հայաստանի տարածքում ամերիկյան գործընկերությամբ կառուցվելիքը, տեղի է ունենում երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում և ապահովում է փոխադարձ առավելություններ։ Կրկին՝ ինչպիսին էլ լինեն տեխնիկական լուծումները, որոնք դեռ պետք է քննարկվեն, դրանք չեն կարող լինել նշածս շրջանակից դուրս։ Մնացած մեկնաբանությունները երևակայության արդյունք են կամ մարդկանց մոլորեցնելու փորձ։ Միայն զարմանալ կարելի է, թե ինչպես են հայտնի կենդանու համառությամբ որոշ «անկախ փորձագետներ» կամ «կախյալ» կուսակցականներ շրջանառում տերմիններ, որոնք ըստ էության ինչպես նախկինում մեր կողմից երբևէ չեն ընդունվել, այնպես էլ այժմ Վաշինգտոնյան հռչակագրում չկան։ Ցանկանում եմ նորից ընդգծել այն, ինչ գրված է սևով սպիտակի վրա՝ բոլոր ենթակառուցվածքները գործելու են երկրների ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, չկա որևէ երրորդ կողմի վերահսկողություն։ Սրանից ավելի հստակ ասել կարծում եմ՝ հնարավոր չէ», - հայտարարել է նա։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել