Իռլանդիայում վեցխռիկանի շնաձուկ են որսացել
Սիրողական ձկնորսն Իռլանդիայի ափերի մոտ հսկայական վեցխռիկանի շնաձուկ է որսացել՝ մոտ 7․5 մետր երկարությամբ ու 680 կգ քաշով։
Դա այդ տեսակի ամենամեծ շնաձուկն է, որը երբեւէ հաջողվել է բռնել ձկնորսական կարթով Եվրոպայում, հայտնում է BBC-ն։
Անգլիացի Բեն Բոնդը մեկուկես ժամ մենակ պայքարել է հսկայական ձկան հետ։
Ուժասպառ անող մենամարտից հետո նրան հաջողվել է իր որսը բարձրացնել ու լուսանկարել այն։ Հետո նա շնաձկանը բաց է թողել։
Վեց խռիկանի շնաձուկը բազմախռիկների ընտանիքի ամենախոշոր շնաձուկն է։ Այն բնակվում է խորը ջրերում ու սնվում գերազանցաբար ձկներով, այդ թվում իր՝ ավելի մանր ցեղակիցներով, բայց երբեմն էլ փոկեր է որսում։
Ըստ հանրագիտարանի՝ վեց խռիկանի շնաձկան չափերը չեն գերազանցում 5․5 մետրը։
26-ամյա ձկնորսը նախկինում էլ է շնաձուկ որսացել, բայց ոչ այդքան խոշոր։
Նա պատմել է, որ բոլորովին չի վախեցել այդ հսկայական շնաձկի հետ մենամարտից, ու նույնիսկ ուսումնասիրել է նրա ծնոտները, որոնք նրա խոսքով «շատ խոշոր էին»։
«Թերեւս ամենահաճելին դիտելն էր, թե ինչպես է այն լողալով հեռանում։ Ես չէի ուզում սպանել նման հիասքանչ արարածի»,-խոստովանել է Բոնդը։
Իռլանդիայի ձկնորսության հարցերով վարչությունը գնահատել է շնաձկան լուսանկարը ու այն կոչել «ծովային խորքերի իսկական հրեշ»։
«Քանի որ շնաձուկն ազատ է արձակվել ու այն ափին չեն կշռել, դժվար է ասել դրա ճշգրիտ քաշը։ Այդուհանդերձ, սա կարծես ամենախոշոր ձուկն է, որը երբեւէ որսացել են Եվրոպայում»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը։
Իռլանդիայում թույլատրված է մարզական ձկնորսությունը, երբ որսացած ձկանը ոչ թե սպանում են, այլ բաց են թողնում։
NEWS.am

















































