Ադրբեջանի բռնությունից ազատագրման այս օրը վերստին հաստատում ենք մեր զորակցությունը Արցախին. Գարեգին Բ
Սեպտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ տիար Բակո Սահակյանին եւ հավատավոր ժողովրդին Հանրապետության օրվա առիթով:
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում Ձեզ, Լեռնային Ղարաբաղի պետական այրերին եւ մեր ողջ հավատավոր ժողովրդին Արցախի Հանրապետության օրվա առիթով:
Արդեն 28-րդ տարին անընդմեջ ազգովի տոնախմբում ենք պատմական անարդարությունների դեմ նորագույն շրջանում հայ ազգի հաղթանակն ազդարարող` Արցախի անկախության հռչակման տարեդարձը։
Տոնում ենք արդար հպարտությամբ հաղթությունը մեր զավակների հերոսական պայքարի, որի շնորհիվ Արցախը դարձավ համայն մեր ժողովրդի ազատ ու արժանապատիվ կյանքի նոր հույսերի փարոսը: Պատերազմական դժվարին տարիներին մեր ժողովրդի զավակների հեղած արյամբ նվիրագործվեց արցախյան հողը, որի երջանիկ ու անվրդով կյանքի համար տակավին հարկադրված ենք պայքարել, երբեմն անգամ մեր զավակների կյանքի գնով:
Բարձրորեն գնահատում ենք խիզախ ոգին ու նվիրումը արցախաբնակ մեր զավակների, հայրենի սահմաններն անառիկ պահող մեր քաջարի զինվորների, որոնց հանձնառության շնորհիվ զորեղ ու լավատես է նաեւ աշխարհասփյուռ հայոց հոգին եւ կյանքը:
Ադրբեջանի բռնությունից ազատագրման այս օրը վերստին հաստատում ենք մեր Սուրբ Եկեղեցու զորակցությունը Արցախին եւ նրա բարեսեր ժողովրդին: Հայոց Եկեղեցին իր օրհնությամբ եւ ողջ ներուժով շարունակելու է սատարել հայրենի պատմական հողի վրա վերականգնված ազատ ու անկախ պետականության ամրապնդման սրբազան առաքելությանը: Դրա անուրանալի վկայությունը նաեւ հոգեփրկչական օրհնաբեր գործունեությունն է Արցախի թեմի, որի հիմնադրման 30-ամյա տարեդարձը նշանավորվեց Ստեփանակերտի նորակառույց Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու օծումով:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր հայցն ենք առ Աստված բարձրացնում, որ Երկնավոր Տերը ին զորակից լինել Արցախի մեր հերոս ժողովրդին՝ պարգեւելով աննկուն կամք ու ոգի՝ հաղթահարելու պարտադրյալ պատերազմի բոլոր դժվարությունները: Թող Բարձրյալ Տերը խաղաղ ու անսասան պահի Արցախ աշխարհը, շեն ու պայծառ՝ արցախահայության կյանքը», – ասված է Վեհափառ Հայրապետի շնորհավորագրում:

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո