Համաձայն Կրեմլի մեկնաբանության՝ անչափահասները կոռուպցիայի դեմ պայքարի ակցիային մասնակցել են գումարի դիմաց
Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ բողոքի ակցիայի անչափահաս մասնակիցներին վճարել են մասնակցության համար։
«Տեղեկություն ունենք, որ Մոսկվայում ակցիայի մասնակից անչափահասներին, բերման ենթարկվելու դեպքում պարգեւավճար են խոստացել։ Դրա կոնկրետ ապացույցներ կան։ Եթե իրավապահ մարմինները անհրաժեշտ կհամարեն, այդ ապացույցները կներկայացվեն հանրությանը»,– ասել է Պեսկովը։
Նա ավելացրել է, որ Կրեմլում հարգում են մարդկանց քաղաքացիական դիրքորոշումը եւ հարգում են դա արտահայտելու իրավունքը, սակայն այն ձեւաչափով միայն, որը «նախատեսված է գործող օրենսդրությամբ»։
«Սակայն մենք չենք կարող նույն ձեւով հարգել նրանց, ովքեր գիտակցաբար մարդկանց մոլորեցնում են եւ ով դա արեց երեկ եւ նախօրեին՝ անօրինական գործողություններ սադրելով։ Մենք չենք կարող հարգանք տածել նրանց հանդեպ, ովքեր գիտակցաբար մոլորեցրել են անչափահասներին, այդ թվում երեխաների՝ խոստանալով ինչ որ պարգեւներ, եւ երբեմն նույնիսկ վտանգի ենթարկելով նրանց կյանքը»,– ընդգծել է նա։

















































