Ինչու Պուտինը սմարթֆոն չունի
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը սմարթֆոն չի օգտագործում, քանի որ դա ավելորդ թափանցիկություն է ենթադրում: Այս մասին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Россия-24» հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է նախագահը տեղեկություններ ստանում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Պեսկովի խոսքով՝ սմարթֆոնի օգտագործումը կամավոր ցուցամոլություն է, լիարժեք թափանցիկություն: «Դրանից հետևում է, որ նախագահը՝ այն էլ այնպիսի երկրի, ինչպիսին Ռուսաստանն է, սմարթֆոն չպետք է ունենա»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ Պեսկովը նշել է, որ Պուտինը տեղեկություններ ստանում է տարաբնույթ ձևերով՝ այդ թվում համացանցից և հեռուստացույցից:
Մամուլի քարտուղարը հայտնել է, որ Կրեմլում շարունակում են օգտվել կապի փակ միջոցներից:

















































