Որոշ շինարարներ սև ցուցակում են հայտնվելու
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը կառավարության՝ դեկտեմբերի 20-ի նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին զեկուցեց, որ համայնքային ճանապարհների հետ կապված նրա հանձնարարականը ստացել են, գնացել և ստուգել են, և առաջիկայում մանրամասն հաշվետվություն է ներկայացվելու: Արշակյանն ասաց, որ որակի առումով խնդիրներ կան:
«Ընդհանրապես այս տարի աննախադեպ չափի և քանակի պահումներ ենք իրականացրել ճանապարհների շինարարության ոլորտում և դեռ իրականացնելու ենք, որոշ շինարարներ նույնիսկ սև ցուցակներում են հայտնվելու իրավական ընթացակարգերով: 300 մլն դրամի ճանապարհը նորից վերանորոգվել է, որովհետև չի համապատասխանել այն պահանջներին, որոնց լաբորատոր փորձաքննությունների արդյունքում պետք է համապատասխանեցվեր»,- ասաց նա:
Արշակյանը նշեց, որ թեպետ որակական առումով կտրուկ աճ կա, բայց այն դեռ բավարար չէ, խնդիրներ կան, որոնք պետք է լուծել: Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ իրավական առումով կատարվում են պահումներ` համապատասխան չափերի, եթե հնարավոր է վերացնել, շտկում են, վերացնում, լինում են դեպքեր, որ գումարը չեն տալիս, ճանապարհը չեն ընդունում, այն նորից հիմնանորոգման ներկայացնում:
Փաշինյանն արձագանքեց` եթե այդ ճանապարհի վրա փող են ծախսում` հաշվարկով, որ 10 տարի պիտի ծառայի, բայց ծառայում է 5 կամ 7 տարի, այսինքն` անընդհատ ճանապարհի պրոբլեմ ենք ունենում, այստեղ ամենաբարձր ստանդարտները պետք է ապահովվեն:
«Որևէ կոմպրոմիս պետք է չլինի, ճանապարհներն ամենալավ տեղն են հայտնի մեխանիզմները գործարկելու համար, որևէ կոմպրոմիս պետք է չլինի, դեպքերը պիտի ուղարկվեն իրավապահներին, պատշաճ քննության արժանանան»,- ասաց Փաշինյանը:

















































