Ովքե՞ր են ղեկավարելու նոր խորհրդարանը․ հաստատված եւ հավանական թեկնածուները
7-րդ գումարման խորհրդարանի ղեկավարության հավանական կազմը գրեթե հայտնի է․ Արդեն տեղեկացրել ենք, որ «Իմ քայլը» դաշինքը Ազգային ժողովի նախագահ կառաջադրի Արարատ Միրզոյանի, փոխնախագահներ՝ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի թեկնածությունները։ Խմբակցության ղեկավարի եւ քարտուղարի պաշտոններում կառաջադրվեն մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի եւ տրանսպորտի, կապի եւ ՏՏ փոխնախարար Դավիթ Սիմիդյանի թեկնածությունները: Սփյուռքի լուծարվող նախարարության ղեկավարը՝ Մխիթար Հայրապետյանը, զբաղեցնելու է գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:
Բացի այս՝ մամուլը շրջանառում է նաեւ անուններ, որոնք ղեկավարելու են ԱԺ մշտական հանձնաժողովները։ Ըստ factor.am-ի՝ Ազգային ժողովի արտաքին հարբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը լինելու է արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Վարազդատ Կարապետյանն առաջադրվելու է Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման եւ գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Տնտեսական լրագրող Բաբկեն Թունյանը կառաջադրվի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
Խորհրդարան անցած մյուս երկու ուժերը եւս կունենան հանձնաժողովի նախագահներ, «Բարգավաճ Հայաստանը»՝ երկու, «Լուսավոր Հայաստանը»՝ մեկ։ Նույն աղբյուրի փոխանցմամբ, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը կղեկավարի ԲՀԿ-ն, իսկ ԼՀԿ-ին բաժին կհասնի Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը, որ նոր խորհրդարանում գործելու է առանձին։

















































