Նոր մանրամասներ Գորիսի քաղաքապետի հետ տեղի ունեցած ծեծկռտուքից
Ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են նոյեմբերի 26-ին Սյունիքի մարզի Գորիս համայնքի ենթակայության տակ գտնվող Խնձորեսկ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի վարչական շենքում Գորիսի քաղաքապետ 27-ամյա Առուշ Առուշանյանի հետ վիճաբանած, այնուհետեւ իրար փոխադարձ հայհոյանքներ ու հարվածներ հասցրած անձանց ինքնությունը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, այդ անձինք են Խնձորեսկի բնակիչ Գորիսի ավագանու անդամ 37-ամյա Լյովա Արզանյանը եւ նույն գյուղի բնակիչ 28-ամյա Աշոտ Ավանյանը։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել կենցաղային հարցերի շուրջ, եւ երեկ երեկոյան արդեն նշված անձանց հասցեներ էին մեկնել համայնքային ոստիկաններն ու քրեական հետախույզները։ Փաստի առթիվ Ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունն ունի օպերատիվ տվյալներ, որ վիճաբանությանը ներկա են եղել եւս մի քանի հոգի, որոնք, սակայն, բաժանողի դերում են եղել։ Նշված անձանց ինքնությունը ճշտվում է։
Վրեժխնդրություն. Գորիսի քաղաքապետը պաշտոնանկ է արվելու. ՔՊ-ն նոր թեկնածու ունի

















































