Հնարավո՞ր է ՊՆ մեքենաներն այլեւս ժամկետային զինծառայողները չվարեն. մեկնաբանում է փոխնախարարը
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը չի բացառում, որ կվերանայվի որոշումը, համաձայն որի, ՊՆ մեքենաները վարում են ժամկետային զինծառայողները։
Այսօր՝ նոյեմբերի 8–ին, Կառավարության նիստից հետո լրագրողները փոխնախարարից հետաքրքրվեցին՝ արդյոք նախօրեին 4 զինծառայողի կյանք խլած ողբերգական վթարից հետո հնարավոր է վերանայվի այդ որոշումը։
«Ժամկետային զինծառայողները երբ որ նշանակվում են վարորդի պաշտոնում, դա չի լինում հրամանատարի կամ ստորադաս ու վերադաս պաշտոնյայի ցանկությամբ, այդ վարորդները մինչեւ բանակ զորակոչվելն անցնում են համապատասխան պատրաստություն։ Այս դեպքում եթե պարզվի, որ վարորդի մեղքով է եղել, որոշակի խնդիրներ կարող են առաջանալ այդ ծրագրերը վերանայելու հետ կապված, բայց այս վարորդը բավականին հմուտ վարորդ է եղել, մի քանի ամսից զորացրվելու էր, այդ պատճառով այս պահին որեւէ բան ասել չեմ կարող»,– ասաց փոխնախարարը։

















































