Հիմա ավելի դուխով են կարմիր գծերը գծում. վարորդները դժգոհ են
Նոր իշխանությունները պետք է վճարովի ավտոկայանատեղիների հարցով նոր ռազմավարություն մշակեն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարորդների իրավունքների պաշտպան, փաստաբան Արտակ Խաչատրյանը:
«Կարմիր գծերի հետ կապված որևէ հստակեցում չկա, վարորդները դժգոհում են, որ նորից կարմիր գծերը թարմացնում են. հիմա մի քիչ ավելի դուխով են կարմիր գծերը գծում»,-ասաց նա:
Խաչատրյանի խոսքով՝ կարմիր գծերի հարցով հանրությունը երկու մասի է բաժանած. մի մասը կողմ է, որ կարմիր գծեր լինեն, մի մասը՝ ոչ: «Կարմիր գծերի սպասարկումը զրո է, պատասխանատվություն ու հստակություն չկա»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենց նպատակը ոչ թե կարմիր գծերը վերացնելն է, այլ վճարովի ավտոկայանատեղիները խելամիտ օգտագործելը:
Արտակ Խաչատրյանի խոսքով երթևեկելի գոտու վրա կարմիր գծեր գծելուն պետք է փոխարինեն այլընտրանքային ավտոկայանատեղիները:
«Զարգացած երկրներում բազմահարկ ավտոկայանատեղիներ կան, Երևանում էլ հնարավոր է այդ հարցը լուծել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը շաբաթներ առաջ խոսելով կարմիր գծերի խնդրի մասին, ասել էր. «Կարմիր գծերի եւ այդ փարկինգների գումարները գնում են քաղաքային բյուջե, եւ ինչ-որ խնդիրներ են լուծվում դրանով»:

















































