Նոր Սահմանադրությամբ նախատեսվում է ստեղծել Դատախազական խորհուրդ, որի հիմնական խնդիրն է ապահովել Դատախազության անկախությունը
Նոր Սահմանադրության համար ստեղծված կայքում առանձին բաժին է հատկացված գործող և առաջարկվող Սահմանադրությունների միջև առկա տարբերությունները պարզաբանելուն։
Ստորև ներկայացնում ենք այն, թե նոր Սահմանադրության համաձայն՝ ինչպես են աշխատելու իրավապահ մարմինները:
«Նոր Սահմանադրության նախագծի ութերորդ գլուխը վերաբերում է դատախազությանը և քննչական մարմիններին։ Հիմնական նպատակն է ապահովել դրանց անկախությունը, արդյունավետ աշխատանքը և պաշտպանությունը քաղաքական կամ այլ անթույլատրելի ազդեցություններից։
Նոր Սահմանադրությամբ դատախազությունը սահմանվում է որպես միասնական և անկախ համակարգ, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ Դատախազության անկախությունը կարևոր է, որպեսզի դատախազներն իրենց որոշումները կայացնեն օրենքի հիման վրա՝ առանց արտաքին միջամտության։
Նախատեսվում է ստեղծել Դատախազական խորհուրդ, որի հիմնական խնդիրն է ապահովել դատախազության անկախությունն ու արդյունավետ աշխատանքը։ Խորհուրդը կզբաղվի դատախազների թեկնածուների ընտրության գործընթացով, նրանց կարգապահական պատասխանատվության հարցերով և դատախազության գործունեությանն առնչվող այլ կարևոր խնդիրներով։ Այն իրավասու կլինի նաև քրեական հետապնդում հարուցելու գլխավոր դատախազի նկատմամբ։
Դատախազական խորհուրդը կունենա 10 անդամ, որոնցից 5-ը կլինեն դատախազներ, իսկ մյուս 5-ը՝ դատախազ չհանդիսացող անձինք։ Վերջիններից մեկն ընտրվելու է խորհրդարանական ընդդիմության առաջադրմամբ։ Նման կազմը նպատակ ունի ապահովելու, որ դատախազության կառավարման հարցերում հաշվի առնվեն տարբեր տեսակետներ և բացառվի որևէ խմբի գերիշխող ազդեցությունը։
Դատախազությունը շարունակելու է իրականացնել իր հիմնական գործառույթները՝ քրեական հետապնդում հարուցել, վերահսկել մինչդատական վարույթի օրինականությունը և դատարանում պաշտպանել մեղադրանքը։ Միաժամանակ, դատախազությունը պաշտպանելու է հանրային շահերը, որոնք ներառում են ոչ միայն պետության, այլև համայնքների շահերը։
Դատախազների անկախության պաշտպանության համար նախատեսվում է նաև, որ նրանք կարող են դատարանում բողոքարկել իրենց նկատմամբ կարգապահական պատասխանատվության վերաբերյալ որոշումները։ Սա լրացուցիչ երաշխիք է կամայական որոշումներից և հնարավոր ճնշումներից պաշտպանվելու համար։
Նոր Սահմանադրությամբ հստակեցվում է նաև քննչական մարմինների կարգավիճակը։ Դրանք կարող են գործել գործադիր իշխանության համակարգում կամ լինել ինքնավար մարմիններ։ Սակայն կոռուպցիոն և պաշտոնեական հանցագործությունների քննությունը պարտադիր պետք է իրականացնեն ինքնավար քննչական մարմինները։ Սա կարևոր է, որպեսզի պետական պաշտոնյաների հնարավոր հանցագործությունները քննվեն անկախ՝ առանց գործադիր իշխանության ազդեցության։
Այսպիսով, նոր Սահմանադրությունը նախատեսում է դատախազության և քննչական մարմինների գործունեության այնպիսի համակարգ, որտեղ կարևորվում են անկախությունը, պատասխանատվությունը և օրենքի հիման վրա որոշումներ կայացնելը»,- նշվում է պարզաբանման մեջ։


















































Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումը
Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Իմ բակից՝ մեծ ֆուտբոլ. Երևանի քաղաքապետարան
Ուգո Լյորիսը բացառիկ պատմական նվաճման է հասել
Ավիափոխադրումների խափանումները որևէ կապ չունեն նոր համակարգի հետ
Դոնալդ Թրամփն այս շաբաթ մեկնում է Ասիա
Հայաստանի ստարտափների ֆինանսավորման համակարգի գնահատումն ու առաջարկություններ
Հորդանանում եկեղեցու վրա հարձակման երեք մասնակից մահապատժի է դատապարտվել