Գոլառատ հանդիպումից հետո կրքերը չեն հանդարտվել նաև մամուլի ասուլիսների ժամանակ
Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 2-րդ տուրի ամենադրամատիկ դիմակայություններից մեկում Մադրիդի «Ռեալը» 4:3 հաշվով կամային հաղթանակ տարավ Հռոմի «Ռոմայի» նկատմամբ։ Գոլառատ հանդիպումից հետո կրքերը չեն հանդարտվել նաև մամուլի ասուլիսների ժամանակ. մադրիդցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն և հռոմեացիների մասնագետ Ջան Պիերո Գասպերինին տրամագծորեն հակառակ գնահատականներ են տվել խաղին՝ հեռակա բանավեճի մեջ մտնելով միմյանց հետ։
«Չափազանց ծանր հանդիպում էր։ Մեր մրցակիցը բոլորովին այլ մարզաձև է խաղում, որը բացարձակապես նման չէ մեզ ծանոթ սովորական ֆուտբոլին։ Սակայն բոլոր 90 րոպեների ընթացքում նման գերբարձր ռիթմին, ինտենսիվությանը և «մեկը մեկի դեմ» անհատական հսկողությանը դիմանալը նրանց համար շատ բարդ է։
«Ռոման» արժանիորեն առաջ անցավ հաշվի մեջ, թեև մեր բաց թողած գոլերից մի քանիսն ինձ կատեգորիկ դուր չեկան։ Բայց երկրորդ խաղակեսում՝ մեր ֆուտբոլիստների խիզախության և բնավորության շնորհիվ, կարողացանք բեկել խաղի ընթացքը։ Այսպիսի հզոր մրցակցի դեմ նույնիսկ ոչ-ոքին դրական արդյունք կլիներ, իսկ այս հաղթանակը մեզ համար գերկարևոր է։ Մենք հաղթահարեցինք երկու շատ բարդ մրցակցի արգելք. չեմ ասում՝ լավագույնների, քանի որ առջևում մեզ դեռ «Արսենալն» է սպասում, բայց սրանք բարդագույն խաղեր էին, և այժմ մենք մեզ հիանալի մրցաշարային դիրք ենք ապահովել»։
Իտալացի մասնագետն անպատասխան չի թողել Մոուրինյոյի այն դիտարկումը, թե հանդիպման վերջնամասում «Ռոմայի» ֆուտբոլիստներն արդեն «մահացած» էին հոգնածությունից։ Tuttomercatoweb-ի փոխանցմամբ՝ Գասպերինին կոշտ է արձագանքել պորտուգալացի գործընկերոջ խոսքերին.
«Եթե ինչ-որ մեկը մահանում էր խաղադաշտում, ապա դա հենց նրանք էին։ Մենք նրանց ամբողջությամբ գերազանցեցինք։ Նրանք իրենց գոլերը խփեցին այդ անկյունայիններից, բայց մնացած բոլոր առումներով հաստատ իրենց մակարդակը չցուցադրեցին։ Պարզապես աշխատանքը պետք է ավարտին հասցնել, իսկ առանցքային րոպեները խաղավերջում են։ Նրանց կազմում խաղադաշտ դուրս եկան շատ թարմ ֆուտբոլիստներ։ Մենք պետք է հիմնվենք մեր այս խաղաոճի վրա, իսկ հետո արդեն վերլուծենք նաև բացասական դրվագները»։
Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 3-րդ տուրում՝ հոկտեմբերի 20-ին, «Ռոման» ուժերը կչափի Բրատիսլավայի «Սլովանի» հետ, իսկ Մադրիդի «Ռեալը» հոկտեմբերի 21-ին կմրցի գերմանական «ՌԲ Լայպցիգի» դեմ։
armsport.am


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Երկրորդ սերնդի մոլորակ
Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Իրականացվում են պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներ