Բեթհովենյան երեկո՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը երաժշտասերներին պարգևեց բեթհովենյան գեղեցիկ երեկո։ Ներկայացվեցին Լյուդվիգ վան Բեթհովենի 7-րդ սիմֆոնիան և «Կորիոլան» նախերգանքը։ Համերգը ղեկավարում էր անվանի Դիրիժոր Ստեֆան Ֆրուխտը։
Գերմանացի կոմպոզիտոր Բեթհովենի անունը վաղուց դարձել է մարդկային կամքի, ստեղծագործական ուժի և հոգևոր հաղթանակի խորհրդանիշ։ Նա այն արվեստագետներից է, որոնց ստեղծագործությունները փոխեցին ոչ միայն երաժշտության պատմությունը, այլև արվեստի հնարավորությունների մասին մարդու պատկերացումը։
Լյուդվիգ վան Բեթհովենի կյանքն անցել է դասական և ռոմանտիկ երաժշտական դարաշրջանների սահմանագծին՝ դարձնելով նրան երկու աշխարհները կապող կամուրջ։
Այս գաղափարներն առանձնահատուկ կերպով արտացոլված էին նաև համերգի ծրագրում ընդգրկված երկու ստեղծագործություններում։
Երեկոյի առաջին ստեղծագործությունը Բեթհովենի «Կորիոլան» նախերգանքն էր, որը «պատմում է» հռոմեացի զորավար Գայոս Մարցիուս Կորիոլանոսի կյանքի դրամայի մասին։ Հերոսն ուժեղ և անզիջում անհատականություն է, որը հայտնվում է ծանր բարոյական ընտրության առջև։
Եթե «Կորիոլանը» ներկայացնում է մարդու ներքին պայքարը, ապա Բեթհովենի Յոթերորդ սիմֆոնիան կյանքի, շարժման և էներգիայի տոնակատարություն է։ Այն համարվում է Բեթհովենի ամենից կենսախինդ ու հզոր ստեղծագործություններից մեկը։
Հետաքրքիր է, որ Բեթհովենն այս սիմֆոնիան գրել է մի ժամանակաշրջանում, երբ Եվրոպան պատերազմների, քաղաքական ցնցումների և անորոշության մեջ էր։ Բայց ուշագրավ է, որ երաժշտության մեջ հուսահատություն չես գտնի։
Հատկանշական է, որ բեթհովենյան համերգը ղեկավարում էր հենց գերմանացի դիրիժոր։ Մաեստրո Ստեֆան Ֆրուխտը երկրորդ անգամ է Երևանում ելույթ ունենում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Նա նշում է, որ Բեթհովենի երաժշտությունն իր համար առանձնահատուկ է։ Դիրիժորը նկատում է, որ 7-րդ սիմֆոնիան ազատության, հաղթանակի մասին է, թեմաներ, որոնք արդիական ու կարևոր են բոլոր ժամանակներում։
Խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին՝ մաեստրո Ֆրուխտը նշում է, որ նվագախումբը ճկուն է, կարող է նվագել շատ տարբեր ոճեր։ «Եվ ես այնքան երջանիկ եմ, որ մենք իսկապես կարողացանք շատ արագ հարմարվել այս երաժշտությանը»,- ասում է Ֆրուխտը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում