Սիմոնետտա Վեսպուչին, օրիորդական ազգանունով Կատտանեո, ծնվել է 1453 թվականի հունվարի 28-ին Լիգուրիայում և համարվել է Վերածննդի դարաշրջանի ամենահիացմունք առաջացնող կանանցից մեկը։ Ժամանակակիցները նշում էին ոչ միայն նրա գեղեցկությունը, այլև խելքը, կրթվածությունն ու անթերի վարվելակերպը։ Հումանիստ Անջելո Պոլիցիանոն նրան անվանում էր «Անհամեմատելի»։ Նա մոտ էր ազդեցիկ Մեդիչիների ընտանիքին և դարձավ նկարիչ Սանդրո Բոտիչելլիի մուսան, որը նրան պատկերել է առնվազն իր հինգ կտավներում։
Դեռևս 2019 թվականին հետազոտողները առաջ էին քաշել այն վարկածը, որ Սիմոնետտան տառապում էր հիպոֆիզի ադենոմայով՝ բարորակ ուռուցքով, որը տեղակայված է գլխուղեղի հիմքում։ Այժմ, ուսումնասիրելով լրացուցիչ պատմական փաստաթղթեր, գիտնականները եկել են այն եզրակացության, որ մահվան պատճառը կարող էր լինել հիպոֆիզի ապոպլեքսիան՝ հանկարծակի արյունազեղում կամ ուռուցքի արագ մեծացում, որն անմիջական վտանգ է ներկայացնում կյանքի համար։
Առանցքային դեր են խաղացել նամակները, որոնցով երիտասարդ կնոջ կյանքի վերջին օրերին փոխանակվել էին Պիերո Վեսպուչին և Լորենցո Մեդիչին։ Դրանցից հետևում է, որ պարահանդեսի ժամանակ Սիմոնետտան հանկարծ կորցրել է գիտակցությունը։ Դրանից հետո նա գտնվել է մթնեցված սենյակում և տառապել է ուժեղագույն գլխացավերից, հալյուցինացիաներից, փսխումից և բարձր ջերմությունից։ Հետազոտողների կարծիքով՝ ախտանիշների այս համակցությունը լավ համապատասխանում է հիպոֆիզի ուռուցքի արագ մեծացմանը։
Գիտնականները նաև ուշադրություն են դարձրել նրա պատկերների առանձնահատկություններին։ Բոտիչելլիի «Կնոջ այլաբանական դիմանկար» կտավում Սիմոնետտան ներկայացված է կրծքով կերակրելիս, թեև հայտնի է, որ նա երեխաներ չի ունեցել։ Հեղինակները ենթադրում են, որ նկարիչը կարող էր ակամա արձանագրել հիվանդության իրական ախտանիշները։ Հիպոֆիզի որոշ ադենոմաներ կարող են արտադրել պրոլակտինի և աճի հորմոնի ավելցուկ՝ առաջացնելով կաթնարտադրություն և արտաքինի նկատելի փոփոխություններ։
Իրենց վարկածը ստուգելու համար հետազոտողները կիրառել են ժամանակակից տեխնոլոգիաներ։ Նրանք օգտագործել են դեմքերի ճանաչման ալգորիթմ՝ հիմնված խորը ուսուցման մոդելի վրա, և վերլուծել են Սիմոնետտայի հինգ հայտնի դիմանկարները։ Ստացված արդյունքները համատեղելի են եղել ենթադրվող ախտորոշման հետ։
Լրացուցիչ հետաքրքրություն է առաջացրել նաև «Վեներայի ծնունդը» հանրահայտ կտավը։ Հետազոտողները կարծում են, որ Վեներայի թեթև շլությունը, որը հետագայում ընկալվում էր որպես գեղեցկության և բարեպաշտության նշան, նույնպես կարող է կապված լինել ուռուցքի ազդեցության հետ տեսողական նյարդերի վրա։ Հետազոտության ղեկավար Պաոլո Պոցցիլլին հայտնել է, որ հաջորդ գիտական աշխատանքը նվիրված կլինի հենց Սիմոնետտայի արտաքինի այդ առանձնահատկությանը։
Եթե գիտնականների եզրակացությունները հաստատվեն, ապա Վերածննդի դարաշրջանի ամենահայտնի գեղեցկուհիներից մեկը կդառնա նաև այն հազվագյուտ պատմական օրինակներից մեկը, երբ բժշկության և արհեստական բանականության ժամանակակից մեթոդները հնարավորություն են տվել հավանական ախտորոշում դնել ավելի քան հինգ հարյուր տարի առաջ մահացած մարդու համար։


















































Արարատի և հարակից համայնքների բնակիչները համակարգչային շերտագրման հետազոտության համար ստիպված չեն այ...
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ կլինեն․ Ավինյան
ԵԱՍՄ հիմնարկը համալրվելու է 50-ից ավելի տեխնիկայով
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվ...
Գիտնականները քաղցկեղի վերադարձից ամիսներ առաջ այն հայտնաբերելու միջոց են գտել
Հորդառատ տեղումների արդյունքում Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով
Երևան-Սևան ճանապարհի վնասված կամուրջը սեղմ ժամկետներում կհիմնանորոգվի. Դավիթ Խուդաթյան
Անդրանիկ Թևանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է իրականացվել Արեգնազ Մանու...