Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մադրիդի «Ատլետիկոն» Լա Լիգայի 2025/2026 մրցաշրջանի 37-րդ տուրի՝ «Ժիրոնայի» դեմ տնային խաղից (1:0) հետո հրաժեշտի հանդիսավոր արարողություն է կազմակերպել թիմի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար։ 35-ամյա ֆուտբոլիստն ամռանը որպես ազատ գործակալ կտեղափոխվի ՄԼՍ՝ համալրելով «Օռլանդո Սիթիի» շարքերը:
Կիրակի օրը՝ մայիսի 17-ին, «Ռիյադ Էյր Մետրոպոլիտանո» մարզադաշտում կայացած հրաժեշտի արարողությանը ներկա են եղել ակումբի բազմաթիվ լեգենդներ, այդ թվում՝ Դիեգո Գոդինն ու Ֆեռնանդո Տոռեսը:
Թիմի դարպասապահ Յան Օբլակը, ավագ Կոկեն և պաշտպան Խոսե Մարիա Խիմենեսը Գրիզմանին են նվիրել հուշանվեր՝ մարզաշապիկի տեսքով, որի համարը կազմված էր ֆրանսիացու լուսանկարներից և ստորագրված էր թիմի ֆուտբոլիստների կողմից:
Ներկայիս կազմի հետ համատեղ լուսանկարից հետո Անտուանը կրկնել է այն հայտնի դրվագը, որը ֆիքսվել էր դեռևս 2014 թվականին՝ «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում իր շնորհանդեսի ժամանակ:
Արարողության ընթացքում թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հուզիչ խոսքերով է դիմել ֆրանսիացուն.
«Բարսելոնայում» կատարվեց այն ամենը, ինչ ես քեզ այն ժամանակ ասել էի։ Տոռեսը մարմնավորեց դա քո մեջ. բոլորն այդպես են զգում: Շատ հազվադեպ է պատահում, որ քեզ բոլորը սիրեն, բայց քեզ սիրում են բոլորը: Դու եկար որպես եզրային կիսապաշտպան, մենք քեզ տեղափոխեցինք կենտրոն, և դու անկշտում դարձար դարպասի առջև։ Քո թարմությունն ու ուրախությունը վարակիչ էին թիմակիցներիդ համար և քեզ հասցրին այնտեղ, որտեղ դու արժանի ես լինել: Մարդիկ արդեն կես ժամ է՝ նստած են այստեղ և տեղներից չեն շարժվել: Նրանք չեն հեռանում, որովհետև դու արժանի ես դրան։ Շնորհակալություն»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է մեջբերում Yahoo Sports-ը:
Հատկանշական է, որ «Ժիրոնայի» դեմ խաղը Գրիզմանի համար հոբելյանական՝ 500-րդն էր «Ատլետիկոյի» մարզաշապիկով, որտեղ նա դարձավ գոլային փոխանցման հեղինակ։
Մադրիդյան թիմի կազմում ֆրանսիացին ընդհանուր առմամբ խփել է 212 գոլ՝ դառնալով Իսպանիայի Սուպերգավաթակիր (2014), Եվրոպայի լիգայի հաղթող (2018) և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթակիր (2018):


















































ՏԻՄ ընտրություններ. ՆԳՆ ստորաբաժանումների իրականացրած աշխատանքների ամփոփում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Չհայտարարված այցով մեկնում եմ զորամասերից մեկը (տեսանյութ)․ Պապիկյան
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
«Դալմա Գարդեն մոլը» սեպտեմբերի 28-ին փակ կլինի էլեկտրաէներգիայի վթարի պատճառով
Ղազախստանն կոչ է արել Ուկրաինային դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա Սև ծովում
Շվեյցարիան երեկ չեզոք էր, այսօր չեզոք է և ապագայում էլ կմնա չեզոք
Մեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի մարզային փուլը