Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվ
Թանգարանների սիրելի՛ աշխատակիցներ, հարգելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ։ Մայիսի 18-ն առիթ է՝ մեկ անգամ ևս արժևորելու թանգարանների բացառիկ դերը՝ որպես մշակութային ժառանգության պահպանման, հանրահռչակման, կրթության և հանրային հիշողության ամրապնդման կարևորագույն կենտրոնների։
Հայաստանի թանգարանները ոչ միայն պահպանում ու ներկայացնում են մեր բազմադարյա ժառանգությունը, այլև ձևավորվում են որպես ժամանակակից մշակութային հարթակներ, որտեղ համադրվում են կրթությունը, գիտությունը, նորարարությունն ու հանրային երկխոսությունը։ Դրանք բաց ու ստեղծարար միջավայրեր են, որոնք նպաստում են հասարակության մշակութային զարգացմանը, հանրային կրթությանն ու արժեքային համակարգի ձևավորմանը։
Այսօր, երբ աշխարհը կանգնած է բազմապիսի մարտահրավերների առաջ, առավել քան երբևէ կարևորվում է մշակույթի միավորող առաքելությունը։ Թանգարանների միջազգային օրվա այս տարվա խորագիրը՝ «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը», խորապես արտահայտում է թանգարանների ժամանակակից նշանակությունը։ Թանգարանները դառնում են փոխըմբռնման, մշակութային երկխոսության և համամարդկային արժեքների ամրապնդման տարածքներ՝ միավորելով տարբեր ժողովուրդների, մշակույթների և սերունդների։
Թանգարաններն այսօր ոչ միայն ցուցադրության վայրեր են, այլև հանրային ակտիվ ներգրավվածության, կրթական ծրագրերի, գիտահետազոտական աշխատանքի և ստեղծագործ համագործակցության կենտրոններ, որոնք նպաստում են հասարակության համախմբմանը և մշակութային բազմազանության արժևորմանը։ Թանգարանային միջավայրում ձևավորվում է պատմության հանդեպ պատասխանատվության, մշակույթի նկատմամբ հարգանքի և ազգային ինքնության պահպանման գիտակցություն։
ՀՀ Կառավարությունը շարունակաբար իրականացնում է թանգարանային ոլորտի զարգացմանն ուղղված բարեփոխումներ՝ խրախուսելով ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, թանգարանների մատչելիության բարձրացումը, թվայնացման գործընթացները և կրթամշակութային նոր ծրագրերի իրականացումը։ Շարունակաբար գործուն քայլեր են իրականացվում թանգարանների միջազգային համագործակցության ամրապնդման ուղղությամբ, ինչի վառ ապացույցն են աշխարհի տարբեր թանգարանների հետ փոխադարձ ցուցահանդեսների կազմակերպումը, մեր թանգարանների հավաքածուների համալրմանն ուղղված նոր ցուցանմուշների ձեռքբերումը: Սրանք գործեր են, որոնց հանրությունն ականատես է լինում պարբերաբար: Մեր նպատակը մարդակենտրոն, բաց և ժամանակակից թանգարանային համակարգի ձևավորումն է, որտեղ յուրաքանչյուր թանգարան կկարողանա լիարժեք իրականացնել իր առաքելությունը՝ ծառայելով հանրությանը և մշակութային առաջընթացին։
Թանգարանների սիրելի՛ աշխատակիցներ, ձեր նվիրված աշխատանքը, մասնագիտական պատասխանատվությունն ու մշակույթի հանդեպ նվիրումը անգնահատելի ներդրում են մեր ժառանգության պահպանման և հանրայնացման գործում։ Ձեր շնորհիվ թանգարանները շարունակում են ապրել, զարգանալ և դառնալ գիտելիքի, հիշողության ու մշակութային ինքնության կարևոր օջախներ։ Կարևորելով թանգարաններում պատշաճ աշխատանքային պայմանները, մասնագիտական շարունակական զարգացման և վարձատրության բարձրացման փոխկապակցված համակարգը՝ արդեն իսկ ներդրվում է թանգարանային ոլորտի աշխատակիցների ատեստավորման համակարգը, որով հնարավորություն է ընձեռվում էապես բարձրացնել վարձատրությունը՝ թարմացնելով մասնագիտական գիտելիքները: Հուսով եմ, որ բոլորդ էլ կդառնաք այս համակարգի շահառուները՝ նոր, ավելի բարեկեցիկ պայմաններում շարունակելով աշխատել՝ ի նպաստ մեր մշակույթի պահպանման և զարգացման։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում