Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսության պաշտոնյան դատապարտյալի օգտին ապօրինի գործողության դիմաց կաշառք է ստացել. նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Կոտայքի մարզի «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի համապատասխան բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած անձը, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով դատապարտյալի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար, նրանից կաշառք է ստացել: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով նշանակված 80 ժամ տևողությամբ հանրային աշխատանքները կատարելու նպատակով` նշված քրեական գործով դատապարտյալը 2025 թվականի մայիսին ուղեգրվել է ՀՈԱԿ, որտեղ նրա կողմից հանրային աշխատանքների կատարման նկատմամբ հսկողության իրականացումը հանձնարարվել է վերը նշված բաժնի պետին:
Վերջինս, սակայն, դատապարտյալի օգտին ապօրինի գործողություն իրականացնելու, այն է՝ դատական ակտով սահմանված մաքրման աշխատանքները չիրականացնելու պայմաններում դրանք իրավասու մարմիններին որպես կատարված ներկայացնելու դիմաց նրանից պահանջել և 2025 թվականի մայիս-հունիս ամիսներին մեկ այլ քաղաքացու միջոցով ստացել է կաշառք:
Արդյունքում՝ դատապարտյալն իրեն հատկացված տեղամաս չի այցելել և հանրային աշխատանքներ չի կատարել, սակայն նրա անվամբ կազմվել և համապատասխան մարմիններին է ուղարկվել պատիժը փաստացի կրելու վերաբերյալ տեղեկանք:
«Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, կաշառք տված անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ կաշառքի միջնորդություն կատարած անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին մասով։
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...