Ամփոփվել է Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնը
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ անցկացվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբելյանական 100-րդ համերգաշրջանի նշանակալի իրադարձություններից մեկը՝ Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնը:
Ինչպես տեղեկացանք ԿԳՄՍ նախարարության կայքից, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կայացել է փառատոնի եզրափակիչ համերգը: Ունկնդրին ներկայացվել է համաշխարհային պրեմիերա՝ «Ձոն» սիմֆոնիկ ստեղծագործությունը՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին:
Սիմֆոնիկ «Ձոն»- գրվել է հայ ժամանակակից ականավոր կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի կողմից: Մեծ կազմի համար գրված այս ստեղծագործությունը հայկական սիմֆոնիզմի ավանդույթների վառ արտահայտումն է, որը ցուցադրում է նվագախմբի վիրտուոզ վարպետությունը: Ունկնդիրը Երվանդ Երկանյանի սիմֆոնիկ «Ձոն»-ն ընդունել է մեծ ոգևորությամբ:
«Ինձ համար նաև շատ կարևոր է, որ արդեն 25 տարի է նվագախումբը ղեկավարում է մեր սիրելի մաեստրո Էդուարդ Թոփչյանը՝ Ֆիլհարմոնիկի պատմության ամենաերկարակյաց գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Ինձ համար այս տարին ևս հոբելյանական է. լրացավ ուղիղ 50 տարի այն օրից, երբ առաջին անգամ Ֆիլհարմոնիկը՝ այն ժամանակ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, առաջին անգամ կատարեց իմ ստեղծագործությունը, որը միջազգային հեղինակավոր մրցույթում արժանացել էր մրցանակի»,- ստեղծագործության կատարման ավարտից հետո նշել է Երվանդ Երկանյանը:
Երեկոյի ընթացքում նաև հնչել է Բեթհովենի Դաշնամուրի կոնցերտ թիվ 5-ը, որի մենակատարն էր դաշնակահար Եվա Գևորգյանը: Համերգը եզրափակվել է Լիստի «Ֆաուստ սիմֆոնիա»-ով. մենակատար՝ տենոր Տիգրան Մելքոնյան, մասնակցությամբ՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի արական կազմի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան):
Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը հանդիսանում է Հայաստանի գլխավոր մշակութային իրադարձություններից մեկը, որի գեղարվեստական ղեկավարներն են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը:
Այս տարի փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 19-ին հռչակավոր հայազգի ջութակահար Սերգեյ Խաչատրյանի ելույթով: Սեպտեմբերի 20-ին ՀՀ Անկախության տոնին նվիրված համերգի մեկնարկին Կառավարությունը Մատենադարանին ընծայաբերել է 12-րդ դարի նշանավոր աստվածաբան և մատենագիր Սարգիս Շնորհալու մեծարժեք «Մեկնութիւն կաթողիկեայց թղթոցն» մատյանը: Փառատոնի կուլմինացիոն կետերից էր մեր ժամանակների աստղային տենորներից Վիտտորիո Գրիգոլոյի գալա-hամերգը: Հայաստանում առաջին անգամ հանդես են եկել աշխարհահռչակ ջութակահարներ Վիլդե Ֆրանգը, Բայբա Սկրիդեն: Ելույթ են ունեցել ջութակահար Անուշ Նիկողոսյանը, դաշնակահար Արմեն Բաբախանյանը, սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը:
Նվագախումբը ղեկավարել են դիրիժորներ Պիետարի Ինկինենը, Անդրեյ Բորեյկոն, «Բորոդին» քառյակի ելույթով նշվել է անվանի քառյակի 80-ամյակը, ինչպես նաև հեղինակային համերգով նշանավորվել է մեր ժամանակների հոգևոր հարուստ ներաշխարհով կոմպոզիտորներից մեկի` Արվո Պյարտի 90-ամյակը:
Փառատոնի ծրագիրը բազմազան էր՝ կազմված Բեթհովենի, Մալերի, Լիստի, Սիբելիուսի, Ռիմսկի-Կորսակովի, Ռախմանինովի, Շոստակովիչի, Պրոկոֆևի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Միրզոյանի, Երկանյանի, Բարտոկի, Բրիտտենի, Պյարտի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից:
Փառատոնից դուրս՝ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-մյակին նվիրված այս շրջանի իրադարձային համերգներից էին նաև Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի համերգները, որոնք անցել են լեգենդար դիրիժոր Վալերի Գերգիևի ղեկավարությամբ: Վերջին համերգը պատմական էր, քանի որ Գերգիևը, 80-ականների սկզբին լինելով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը, կրկին համերգով հանդես եկավ նվագախմբի հետ գրեթե 40 տարվա ընդմիջումից հետո:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում