Սա քաղաքական պատվեր է, որի դեմ պետք է պայքարել․ Սաթիկ Սեյրանյանը՝ ԶԼՄ-ների օրենքի փոփոխության մասին
ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ խորհրդարանում լրագրողական հանրության մասնակցությամբ այսօր՝ ապրիլի 15-ին, քննարկում անցկացվեց ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի ու Լիլիթ Մինասյանի ներկայացրած նախագծում նշվում է , որ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ պետական մարմինները իրավասու են լրագրողի հավատարմագրման մերժման եւ դադարեցման այլ հիմքեր սահմանել լրագրողների հավատարմագրման կարգով:
Սակայն նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով: «Օրենքի բացը լրացնելու եւ առաջին հերթին լրատվական գործունեություն իրականացնողի եւ պետական մարմինների միջեւ փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու, պետական մարմինների ներքին կանոնների խախտման դեպքերում գործիքակազմ ունենալու համար առաջարկվում է, որպեսզի նաեւ պետական մարմինը, որը հավատարմագրել է լրագրողին կարողանա աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնների խախտման դեպքում դադարեցնել լրագրողի հավատարմագրումը»,-ասված է նախագծում:
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը կարծում է, որ նախագծով իշխանությունը ցանկանում է արագ խնդիր լուծել: «Պարտավոր էին հստակ սահմանել հավատարմագրման հիմքերը, որպեսզի լրագրողի համար իր վարքագիծը կանխատեսելի լինի և լրագրողն իմանա, թե օրինակ որ դեպքում ինքը կարող է զրկվել հավատարմագրումից, հակառակ դեպքում դաշտը բաց է, և ցանկացած գերատեսչություն կարող է կամայականորեն որոշել և ազատվել ոչ ցանկալի լրագրողներից կամ գլուխներն ազատել անցանկալի հարցերից: Այսինքն՝ պետք է հստակ հիմքերը նշել, թե որ դեպքում ինչ հիմքեր կան և որ դեպքում կարող է զրկվել հավատարմագրումից: Օրենքի որոշակիության պահանջի խնդիր կա, հիմքերը հստակ սահմանված չեն, հետևաբար, եթե հիմքերը չկան, ինչո՞վ են առաջնորդվելու, որպեսզի որոշեն լրագրողին զրկել»,-ասաց Սեյրանյանը՝ հայտարարելով, որ աա քաղաքական պատվեր է, որի դեմ պետք է պայքարել:
Լրագրող Սևակ Վարդումյանն էլ նշեց՝ չգիտի, թե ո՞ր դեպքում կարող է ԱԺ աշխատակազմը իրեն զրկել հավատարմագրումից: «Ենթադրենք ես մի քիչ բարձր եմ ծիծաղում միջանցքում, այդ ժամանա՞կ է զրկում, ինչ-որ մեկին հարվածում եմ, այդ ժամանա՞կ է զրկում, բարձրախոսը շատ եմ մոտեցնում բանախոսին, այդ ժամանա՞կ է զրկում….»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ հարցերի պատասխանները հնարավոր չէ գտնել նախագծում, պատգամավորներն էլ չեն ներկայացրել:
Լրագրողի կարծիքով՝ նախագիծը պետական գերատեսչության համար կամայական որոշում կայացնելու հնարավորություն է ստեղծում: Նա նախագծում որևէ հիմնավորում չի տեսել, նշում է, որ, եթե լինեին կետեր, ինքը մեծ ուրախությամբ, կքննարկեր, կբանավիճեր՝ կոնսենսուսի գալու համար, այսպիսով` կոչ է անում հեղինակներին հետ կանգնել նախագծից:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն էլ ասաց. «Պետք է այս մոտեցումից հրաժարվել: Լրագրողի հավատարմագրման դադրեցում կամ զրկում պետք է չլինի մեր օրենսդրության մեջ»:
Թագուհի Թովմասյանն էլ դժգոհեց, որ լրագրողական հանրության հետ նախապես չեն արվում նրանց վերագրվող օրենքների մասին քննարկումները: «Այո, լրագրողների մեջ էլ կան մարդիկ, որոնք խնդիր են առաջացնում, և այդ մարդիկ առաջացնում են նաև նման օրենսդրական նախաձեռնություններ բերելու անհրաժեշտություն, և դրանով փորձում են կուլիսներում հիմնավորել, որ այդ դեպքերը կանխելու համար են բերում տվյալ նախաձեռնությունը»,-ասաց նա:
Ըստ պատգամավորի՝ խնդիրը պետք է կարգավորվի հենց լրագրողական դաշտում: «Յուրաքանչյուր խմբագրություն պետք է իր վրա պարտավորություն վերցնի, ինքն իր համար մշակի, հրապարակի այն էթիկայի կանոնները, որոնք իրենք ինքնակամ հետևելու են, և պետական գերատեսչությունը կարողանա հետևել հենց նրանց կողմից մշակված էթիկայի կանոնների պահպանմանը: Ելքերից մեկը սա եմ տեսնում, ինքնակարգավորման լավագույն միջոց է, որ խնդիրը կարգավորվի հենց լրագրողական դաշտում և որևէ մեկը մահակ չունենա՝ որևէ լրագրողին հավատարմագրումից զրկելու սպառնալիքով պատժել»,-ասաց նա:
Պատգամավորն առաջարկեց ստորագրահավաք կազմակերպել և դիմել կառավարությանը՝ խնդրելով նախագծին տալ բացասական եզրակացություն, դիմել նաև նախագծի հեղինակներին՝ խնդրելով հետ կանչել նախագիծը, քանի որ, պատգամավորի գնահատմամբ, այն իրավազուրկ, հիմնազուրկ է:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո