ԱՄՆ պետդեպը զսպվածության կոչ է արել Անկարային եւ Ամստերդամին
ԱՄՆ պետդեպը Թուրքիայի եւ Նիդերլանդների միջեւ լարվածությունը «երկկողմանի հարց» է համարում եւ զսպվածության կոչ է անում կողմերին։
«Սա երկկողմանի հարց է Նիդերլանդների եւ Թուրքիայի կառավարությունների միջեւ։ Երկու երկրներն էլ ԱՄՆ դաշնակիցներ են ՆԱՏՕ–ի մասով։ Մենք կոչ ենք անում նրանց խուսափել լարված հռետորաբանությունից, փոխգործակցել հարգանքի ոգով եւ փորձել հաղթահարել տարաձայնությունները»,– հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Տոները՝ ասուլիսի ժամանակ։
Թուրքիայի եւ Նիդերլանդների միջեւ դիվանագիտական կոնֆլիկտը սկսվել է այն բանից հետո, երբ հոլանդական իշխանությունները, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշել են արգելել թուրք գործիչներին ելույթ ունենալ թագավորությունում՝ ի պաշտպանություն Թուրքիայի սահմանադրական բարեփոխումների։ Այս արգելքը հաշվի առնելով՝ Նիդերլանդները, մարտի 11-ին հրաժարվել են թույլ տալ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլյութ Չավուշողլուի ինքնաթիռին վայրէջք կատարել։
Ավելի ուշ, այդ նույն օրը Նիդերլանդներում թուրքական համայնքի առջեւ ելույթ ունենալու նպատակով Գերմանիայից Նիդերլանդներ էր ժամանել Թուրքիայի՝ ընտանիքի եւ սոցիալական քաղաքականության նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Կայան։ Սակայն նրան արգելափակել են Ռոտերդամում հյուպատոսության մոտ, նա հայտարարվել է որպես «անցանկալի արտասահմանցի» եւ հետ է ուղեկցվել դեպի թուրքական սահման։
Այս կապակցությամբ Թուրքիան երկու բողոքի նոտա է հղել Նիդերլանդներին։

















































