Հայաստանի Հանրապետությունը փոխում է իր դեսպաններին. ինչո՞ւ
Հայաստանի Հանրապետությունը փոխում է իր դեսպաններին մի շարք երկրներում։ Համապատասխան հրամանագիրը օրեր առաջ ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Փաստաթղթերը ստորագրվել են վարչապետի առաջարկության հիման վրա։ Իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել մեկ այլ փոփոխություն։ Հայաստանը փոխեց նաև ՌԴ–ում ՀՀ դեսպանին։ Ի՞նչ են նշանակում այս փոփոխությունները։
Դեկտեմբերին ՌԴ ծրագրվող երեք այցերից առնվազն առաջինի ժամանակ ՀՀ վարչապետին ամենայն հավանականությամբ չի ուղեկցի մեր երկրի դեսպանն այդ երկրում։ Խնդիրը զուտ տեխնիկական է, քանի որ նախկին դեսպան Գուրգեն Արսենյանի հետկանչից հետո նա արդեն Մոսկվայում չէ, իսկ նոր դեսպան Սամվել Մկրտչյանը, որի նշանակման համաձայնությունը Ռուսաստանն արդեն տվել է, դեռ չի փոխանցել իր հավատարմագրերը ընդունող երկրի ղեկավարին։ Դեսպաններին նշանակելու և լիազորությունները ստանձնելու հատուկ ընթացակարգը որոշակի ժամկետ է պահանջում։
ՌԴ–ում Հայաստանի դեսպանի փոփոխության պաշտոնական հիմնավորում չի ներկայացվել, բայց ակնհայտ է, որ այն տեղի է ունենում հայ-ռուսական աննախադեպ լարված հարաբերությունների պայմաններում: Դեռևս հաստատում չկա, բայց լուրեր են շրջանառվում նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հնարավոր փոփոխության մասին։
ՌԴ–ում Հայաստանի նորանշանակ դեսպանի նախկին գործունեությունը, ի դեպ, առավելապես «եվրոպական ուղղությամբ» էր, եթե կարելի է այդպես ասել։ Սամվել Մկրտչյանն աշխատել է ինչպես տարբեր երկրներում, այնպես էլ միջազգային տարբեր կառույցներում։ Դա էր պատճառը, որ կասկածներ կային, թե Ռուսաստանը չի հաստատի նրա թեկնածությունը, բայց այդ կանխատեսումները չիրականացան։
Երևան–Մոսկվա ուղղությունը, սակայն, միակը չէ որտեղ դեսպաններ են փոխվում։ Հետ են կանչվել Հայաստանի վեց դեսպաններ և ՆԱՏՕ–ում ՀՀ առաքելության ղեկավարը։ Այս փոփոխության պատճառն ու հիմնավորումները ևս Արտաքին գործերի և միջազգայի առևտրի նախարարությունը չի ներկայացրել։
Աշխատանքային տեսանկյունից սա արտառոց քայլ չէ։ Հայաստանի դիվանագիտական պրակտիկայում մի քանի դեսպանների միաժամանակյա հետկանչն ու նշանակումը սովորական և կրկնվող երևույթ է, որը կարող է տեղի ունենալ մի շարք պատճառներով․ ասենք՝ նշանակման ռոտացիոն կարգի կամ վարչական հարմարավետության։ Դեսպանների «խմբային» հետկանչեր և նշանակումներ տեղի են ունեցել թե՛ վերջին տարիներին, օրինակ՝ 2021-ի աշնանը, 2023-ի ամռանը և 2024-ի աշնանը, թե՛ դրանից առաջ՝ Հայաստանի անկախության ողջ ընթացքում։
Փոփոխություններն առհասարակ բխում են ՀՀ վերանայված արտաքին քաղաքականության տրամաբանությունից ու նաև՝ նախարարության անվանման փոփոխությունից, ինչի մասին նախարարությունը տարբեր հարցազրույցներում և փոթքաստներում մշտապես ազդարարել է։ Քաղաքականությունը փոխելուց հետո փաստացիորեն անցում է կատարվել գործնական փուլին։
Փոխնախարար Վահան Կոստանյան․ «Մենք էլ ենք մեր համար հորիզոններն ավելի լայնացրել և մի քիչ ավելի լայն ենք նայում, ավելի շատ ոլորտներ ենք փորձում նայել։ Այսօր ունենք համագործակցության ոլորտներ, որտեղ 2–3 տարի առաջ չենք եղել և չենք էլ մտածել։ Ինձ թվում է՝ նաև տրամաբանական է և ժամանակներն են դա թելադրում, որովհետև այսօր ոչ մի բան չի աշխատում այնպես, ինչպես աշխատել է 3–4, հատկապես տասը տարի առաջ։ Ու այստեղ հարցը միայն Հայաստանը չէ, այլ ընդհանուր են աշխարհաքաղաքական գործընթացները կամ տեմպը այդ գործընթացների, որ մենք տեսնում ենք։ Նաիվ պետք է լինել, որ հույսը դնել ընդամենը լավ, հին բարեկամական կապերի վրա ու չփորձել զարգացնել հարաբերությունները այլ գործընկեր պետությունների հետ։ Հարաբերությունների տրամաբանությունը ու որակը ընդհանրապես փոխվում է։ Երբ տնտեսական կոմպոնենտ է ավելանում ցանկացած երկկողմ հարաբերություններում ու այս ուղղությամբ, ինձ թվում է, էլ ավելի շատ պետք է աշխատենք»։
Հիմնարար փոփոխություններ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության աշխատանքներում նախատեսվում են նաև հաջորդ տարվա համար, տեղեկացրել է նախարար Արարատ Միրզոյանը․
«Մենք վերջին տարիներին իրականացրել ենք ՀՀ սահմաններից դուրս ՀՀ դիվանագիտական ներկայացվածության ընդլայնման քաղաքականություն։ Այսինքն՝ դեսպանություններ ենք բացել բազմաթիվ նոր վայրերում և պետք է նշեմ, որ 2027 թվականի բյուջեի նախագծում բավականին մեծ ուշադրություն է հատկացված այս հարցին։
Ֆինանսական ռեսուրսներ են տրամադրված, և մենք 27 թ.–ին կունենանք այս ներկայացվածության և մեր ցանցի ընդլայնում։ Վերջին շրջանում մենք դեսպանություններ ենք բացել Ուրուգվայում, Շվեյցարիայում։ Ունեինք Ժնևում՝ Մարդու իրավունքների խորհրդում, ՄԱԿ–ի մարմիններում և ահա Բեռնում, նաև երկկողմ դեսպանություն ունեցանք։ Օմանի Սուլթանություն, Կիպրոս, Հունգարիա, երկու դիվանագիտական գրասենյակ՝ Լյուքսեմբուրգում և Սերբիայում»։
Վերջին փոփոխություններով՝ դեսպաններ հետ կանչվեցին Նիդերլանդներից, Բուլղարիայից և Հյուսիսային Մակեդոնիայից, Հունաստանից և Ալբանիայից, Արգենտինայից, Չիլիից, Պերուից, Կանադայից, Կուբայից, Դոմինիկանայի Հանրապետությունից և Ջամայկայից։ Որոշ դեսպանների դեպքում նրանք համատեղել են տարբեր պետություններում դեսպանների առաքելությունները։ Հայաստանը փոխում է նաև իր ներկայացուցչին ՆԱՏՕ–ում և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում։
armradio.am


















































Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)
Ճանաչի՛ր Հայաստանը
Մեղրիի ապագան՝ բնակիչների աչքերով (տեսանյութ)
Հիմա պատասխան այցով ես պետք է մեկնեմ
Pitstop burger հանրային սննդի օբյեկտում կասեցվել է արտադրատեսակի արտադրությունը
ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրին
Լուսավորենք կապույտով` համաշխարհային նախաձեռնություն (տեսանյութ)
Վարչապետը խոստացել է Սահմանադրության ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկն...
Վրաերթ Երևանում. տուժածը հոսպիտալացվել է
Ուկրաինան և Եվրոպան դեռ պատրաստ չեն հակամարտության կարգավորման համար փոխզիջումների