ԱՄՆ հայտարարել է նոր մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին
ԱՄՆ հայտարարել է 14 տնտեսությունների, այդ թվում՝ Եվրամիության և Չինաստանի նկատմամբ մինչև 20 տոկոս նոր մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին։ Այս քայլը հաջորդել է բազմամսյա հետաքննությանը, որով Վաշինգտոնը փորձում է պայքարել ենթադրյալ գերարտադրության դեմ։
ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի խոսքով՝ թիրախավորված երկրները արհեստականորեն խթանում են արտադրությունը և ընդլայնում հզորությունները՝ կտրվելով իրական պահանջարկից ու շուկայական սկզբունքներից։ Այդ խնդիրը վերաբերում է մի շարք ոլորտների՝ մարտկոցների ու ցեմենտի արտադրությունից մինչև քիմիական արդյունաբերություն և սննդի վերամշակում։ Առաջարկվող տարիֆները նախ կդրվեն հանրային քննարկման, իսկ ուժի մեջ կմտնեն հունվարից ոչ շուտ։
Նոր նախաձեռնությունը վերաբերում է ԱՄՆ-ի խոշորագույն առևտրային գործընկերներին՝ Չինաստանին, ԵՄ-ին, Հնդկաստանին, Բանգլադեշին, Կամբոջային, Ինդոնեզիային, Ճապոնիային, Հարավային Կորեային, Մալայզիային, Սինգապուրին, Շվեյցարիային, Թայվանին, Թաիլանդին և Վիետնամին։
Ամենաբարձր՝ 20 տոկոս դրույքաչափն առաջարկվում է Չինաստանի և Վիետնամի համար, Կամբոջայի և Ինդոնեզիայի համար նախատեսվում է 18, իսկ Հնդկաստանի համար՝ 17 տոկոս։ Այն երկրների դեպքում, որոնք արդեն ունեն առևտրային համաձայնագրեր Վաշինգտոնի հետ՝ ներառյալ ԵՄ-ն, Հարավային Կորեան և Թայվանը, դրուքաչափերը սահմանափակվելու են 15 տոկոսով։
Հետաքննությունը մեկնարկել էր դեռ մարտին։ Այս քայլերով Սպիտակ տունը ձգտում է վերակառուցել համաշխարհային առևտուրը՝ ստիպելով այլ երկրներին գնել ամերիկյան արտադրանքը կամ արտադրությունը տեղափոխել ԱՄՆ։
ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը պնդում է, որ Չինաստանի դեմ նախատեսվող նոր մաքսատուրքերը համահունչ են երկկողմ բանակցությունների ընթացքին։ Ըստ նրա՝ սահմանափակումներին զուգահեռ Վաշինգտոնը Պեկինին առաջարկել է շուրջ 30 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքների համար արտոնություններ։
Պեկինն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ սակագնային և առևտրային պատերազմներն անթույլատրելի են։ Այդուհանդերձ, ԱՄՆ վարչակազմում համոզված են, որ նոր տուրքերի մասին հայտարարությունը ոչ թե կսրի իրավիճակը դեկտեմբերին Մայամիում կայանալիք G20 գագաթնաժողովին ընդառաջ, այլ հակառակը՝ կխթանի նոր առևտրային համաձայնագրերի կնքումը։
Եվրամիությունը կտրականապես մերժել է եվրոպական արտահանման նկատմամբ նոր տուրքեր սահմանելու հարցադրումը։ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Օլոֆ Գիլը ընդգծել է, որ ԵՄ-ն ինքն է տուժում երրորդ երկրների պետական սուբսիդավորմամբ խթանվող էժան ներմուծումից, ինչի դեմ Բրյուսելը նախկինում արդեն սահմանափակումներ էր կիրառել՝ հիմնականում ուղղված Չինաստանի դեմ։
Եվրահանձնաժողովը ափսոսանք է հայտնել, որ ԱՄՆ-ն գերարտադրության խնդիրը լուծելու համար իր հետ համատեղ քայլերի չի դիմում, և պահանջել է, որ նոր մաքսատուրքերը չխախտեն 2025 թվականի երկկողմ առևտրային համաձայնագիրը։ Այդ փաստաթղթով ամերիկյան կողմը պարտավորվել է եվրոպական ապրանքների համար սահմանվող տուրքերը չբարձրացնել 15 տոկոսից։


















































Ճանաչի՛ր Հայաստանը
Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)
Մեղրիի ապագան՝ բնակիչների աչքերով (տեսանյութ)
Հիմա պատասխան այցով ես պետք է մեկնեմ
ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրին
Pitstop burger հանրային սննդի օբյեկտում կասեցվել է արտադրատեսակի արտադրությունը
Վարչապետը խոստացել է Սահմանադրության ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկն...
Լուսավորենք կապույտով` համաշխարհային նախաձեռնություն (տեսանյութ)
Վրաերթ Երևանում. տուժածը հոսպիտալացվել է
Ուկրաինան և Եվրոպան դեռ պատրաստ չեն հակամարտության կարգավորման համար փոխզիջումների