Հարկային վարչարարության արդյունավետության դրական միտումները՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է աշխատանքները հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման, հարկ վճարողների կամավոր կարգապահության խթանման և հսկողական միջոցառումների առավել թիրախային իրականացման ուղղությամբ։ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով դրական միտումներ են արձանագրվել հարկային կարգապահությունը բնութագրող հիմնական ցուցանիշներում, միաժամանակ, ընդհանուր վարչարարության մեջ աճել է վերլուծական գործիքների կիրառման կշիռը։
Ստուգումների նվազում, վերլուծական գործիքակազմի ընդլայնում
2026 թվականի 9 ամիսների ընթացքում հարկ վճարողների նկատմամբ իրականացված հսկողական միջոցառումների և վերլուծական գործիքակազմի կիրառման արդյունքները փաստում են, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 24 տոկոսով նվազել է արտագնա ստուգումների քանակը, մինչդեռ 29 տոկոսով աճել է վերլուծական գործիքակազմի միջոցով իրականացված վարչարարության ծավալը։ Մասնավորապես, եթե 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին իրականացվել է 8 151 արտագնա հսկողական միջոցառում, ապա 2026 թվականի նույն ժամանակահատվածում՝ 6 169։ Միաժամանակ, զգալիորեն աճել է վերլուծական գործիքակազմի կիրառմամբ իրականացված վարչարարության ծավալը։ Եթե 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին իրականացվել են 99 697 գրասենյակային վերլուծություններ և ուսումնասիրություն, ապա 2026 թվականի նույն ժամանակահատվածում իրականացվել է 128 329 վերլուծական միջոցառում։ Ընդհանուր առմամբ, ցուցանիշները վկայում են որ հարկային վարչարարության կառուցվածքում աճել է վերլուծական գործիքակազմի կիրառման կշիռը՝ հասնելով 95.4 տոկոսի։
Ավելի քիչ ստուգումներով` խախտումների հայտնաբերման աճ
2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին բարձրացել է հարկային մարմնի նախաձեռնությամբ իրականացված ստուգումների և ուսումնասիրությունների արդյունավետությունը՝ ապահովելով առավել թիրախային և հասցեական հարկային հսկողություն։ Մասնավորապես, եթե 2025 թվականի նույն ժամանակահատվածում խախտումներ հայտնաբերված ստուգումների քանակը կազմել է 6024, իսկ դրանց տեսակարար կշիռը՝ ընդհանուր ստուգումների 74 տոկոսը, ապա 2026 թվականի նույն ժամանակահատվածում խախտումներ հայտնաբերված ստուգումների քանակը կազմել է 5079, իսկ դրանց տեսակարար կշիռն ընդհանուր իրականացված ստուգումների մեջ՝ 79 տոկոս։ Այսպիսով, չնայած իրականացված ստուգումների ընդհանուր թվի նվազմանը, խախտումներ հայտնաբերված ստուգումների տեսակարար կշիռն աճել է 5 տոկոսային կետով, ինչը վկայում է հարկային ստուգումների առավել արդյունավետ թիրախավորման մասին։
ՀԴՄ գործարքների և հայտարարագրված հասույթի աճ
Հարկային կարգապահության բարելավման դրական միտումներն արտահայտվում են նաև ՀԴՄ-ներով հայտարարագրված գործարքների քանակի և հասույթի աճով, այդ թվում՝ անկանխիկ գործարքների մասով։ Մասնավորապես, 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀԴՄ կտրոնների քանակը կազմել է 716.9 միլիոն հատ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 583.5 միլիոն հատի դիմաց՝ աճելով 22.9 տոկոսով։ Էապես աճել է նաև անկանխիկ ՀԴՄ կտրոնների քանակը՝ կազմելով 268.1 միլիոն հատ, նախորդ տարվա 167․6 միլիոն հատի դիմաց․ աճը՝ շուրջ 60 տոկոս։ Միաժամանակ, ՀԴՄ-ներով հայտարարագրված ընդհանուր հասույթը 2 տրիլիոն 296 միլիարդ դրամից աճել է՝ հասնելով 2 տրիլիոն 856 միլիոն դրամի կամ 24.4 տոկոսով։ Առավել բարձր աճ է արձանագրվել անկանխիկ գործարքների հասույթի մասով․ նախորդ տարվա 850.9 միլիարդ դրամի դիմաց՝ ընթացիկ տարում հայտարարագրվել է 1 տրիլիոն 247 միլիարդ դրամ՝ ապահովելով 46.6 տոկոս աճ։ Արձանագրված աճը վկայում է հարկ վճարողների կողմից գործարքների առավել ամբողջական հայտարարագրման, դրանց թափանցիկության բարձրացման և անկանխիկ վճարումների ընդլայնման դրական միտումների մասին։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Հանրապետությունում փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվի
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Պանրի արտադրությունը խաթարվել է մի քանի երկրներում
MARÓM նորաձևության տունը հայ ըմբիշների համար նոր հավաքածու է արտադրել
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Եվրոպան բանակցությունների համար ունի հինգ հնարավոր թեկնածու․ The Telegraph
Վարդենիկ գյուղում ընթանում են 7 փողոցի հիմնանորոգման աշխատանքներ