Երևանում կայացել է Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
Երևանի AI9 Startup Campus-ում սեպտեմբերի 26–27-ին կայացել է Firebird Build հեքաթոնը։ Ինժեներներն ու հետազոտողները 24-ժամյա ինտենսիվ աշխատանքի ընթացքում արհեստական բանականության գործիքներով մշակել են իրական խնդիրների լուծումներ՝ իրենց գաղափարները վերածելով աշխատող նախատիպերի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառումը նախաձեռնել էր Firebird-ը՝ OpenAI-ի, NVIDIA-ի, Picsart-ի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության՝ ԱՏՁՄ-ի, AI9-ի և YerevaNN-ի հետ համագործակցությամբ։
«Այս միջոցառումը լիովին համահունչ է Firebird-ի տեսլականին՝ AI հաշվողական հզորություններն ու տեխնոլոգիաները հասանելի դարձնել այն շուկաներում, որտեղ մեծ տաղանդ ու գիտելիք կա, սակայն զարգացած ենթակառուցվածքը դեռ բավարար չէ։ Մեր նպատակն է ստեղծել պայմաններ, որպեսզի այդ ներուժը վերածվի նոր արտադրանքների ու ընկերությունների։ Firebird Build-ը հենց այդ ուղղությամբ քայլ է՝ հնարավորություն տալով մարդկանց այստեղ՝ Հայաստանում, իրենց գաղափարները վերածել գործի», - նշել է Firebird-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։
Հեքաթոնի ժամանակ թիմերի առջև խնդիր էր դրվել 24 ժամում կառուցել պրոդուկտների աշխատող նախատիպեր՝ աշխատելով OpenAI Codex-ով և ստանալով տեխնոլոգիական համայնքի մասնագետների մենթորական աջակցությունը։ Թիմերը առաջարկեցին արհեստական բանականության կիրառությամբ լուծումներ ռոբոտոտեխնիկայի և ֆիզիկական ԱԲ-ի, առողջապահության, բնապահպանության, կիբեռանվտանգության և այլ ուղղություններով։
«Շատ ոգևորիչ է տեսնել այսպիսի արձագանք մեր համայնքի կողմից. մենք ունեցանք ավելի քան 500 հայտ, ինչը փաստում է, որ այս հնարավորությունը շատ արժեքավոր ու պահանջված էր մեր տեխնոլոգիական ոլորտի համար։ Հայաստանն այսօր դառնում է արհեստական բանականության տարածաշրջանային հանգույց, և մենք այս հնարավորությունը կիսել ենք նաև մեր միջազգային գործընկերների հետ, ինչի արդյունքում ունենք թիմ նաև Վրաստանից։ Firebird-ի և ԱՏՁՄ-ի ռազմավարական գործընկերությամբ մենք շարունակական ենք դարձնելու այսպիսի միջոցառումները՝ մեր տեխնոլոգիական համայնքին արհեստական բանականության ոլորտում նոր հնարավորություններ ընձեռելու համար», — նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Էդիտա Ղազարյանը։
Հեքաթոնի մասնակից Սարգիս Գինոսյանի թիմը ներկայացրել էր գովազդի ոլորտի պրոդուկտ։ Նրա խոսքով՝ միջոցառումը թիմին օգնել է մեկ օրում իրականացնել աշխատանք, որն այլ պայմաններում կարող էր ամիսներ տևել։
«Հեքաթոնին 3 ընկերներով ենք մասնակցում և այն խթան դարձավ, որ թիմով 24 ժամում անենք այն, ինչն այլ պայմաններում կարող էր մի քանի ամիս տևել։ Հեքաթոնի ընթացքում նույնիսկ վաճառքի պլանը կազմեցինք։ Ուրախ եմ, որ Հայաստանում Firebird-ի մասշտաբի ընկերություն կա, և նման միջոցառումներ են կազմակերպվում, քանի որ դրանք ճանապարհ են բացում տարբեր լուծումներ գտնելու և գաղափարներն իրականացնելու համար», - ընդգծում է Սարգիս Գինոսյանը։
Հեքաթոնի ընդհանուր մրցանակային փաթեթը կազմել է 105,000 ԱՄՆ դոլար՝ ներառելով 80,000 դոլարի դրամական մրցանակներ և OpenAI-ի տրամադրած՝ 25,000 դոլարի API կրեդիտներ։ Վերջիններս հաղթող թիմերին հնարավորություն կտան օգտվել OpenAI-ի ծառայություններից՝ իրենց լուծումները զարգացնելու համար։
Առաջին տեղը զբաղեցրել է PhotonicsAI թիմը, որը ստեղծել է սարքավորումների հետ ինտեգրված արհեստական բանականության կառավարման միջավայր։ Թիմին շնորհվել է 50,000 դոլար դրամական մրցանակ և 12,000 դոլարի OpenAI API կրեդիտներ։
Երկրորդ տեղը զբաղեցրել է «Why isn’t there an Ollama for VLAs?» թիմը, որը մշակել է ռոբոտների համար արհեստական բանականության (VLA) մոդելների ուսուցման ենթակառուցվածք։ Թիմին շնորհվել է 20,000 դոլար դրամական մրցանակ և 8,000 դոլարի OpenAI API կրեդիտներ։
Երրորդ տեղը զբաղեցրել է EXPM թիմը, որը կառուցել է ԱԲ գործակալների վրա հիմնված ինքնավար անվտանգության հարթակ։ Այն ավտոմատ կերպով հայտնաբերում է խոցելիությունները, առաջարկում և թեստավորում համապատասխան շտկումները։ Թիմին շնորհվել է 10,000 դոլար դրամական մրցանակ և 5,000 դոլարի OpenAI API կրեդիտներ։
Firebird Build նախաձեռնությունն ընկերության ավելի լայն տեսլականի մասն է՝ AI ենթակառուցվածքի զարգացմանը զուգահեռ ընդլայնել տեղական մասնագետների և ստարտափների հնարավորությունները։ Նման նախաձեռնությունների միջոցով Firebird-ը նպաստում է մի միջավայրի ձևավորմանը, որտեղ Հայաստանում աշխատող թիմերը կարող են օգտվել առաջատար տեխնոլոգիաներից ու միջազգային փորձից՝ ստեղծելով համաշխարհային շուկայի համար նախատեսված արտադրանքներ։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա