Կառավարությանը լիազորություն կտրվի արգելելու առանձին պեստիցիդների շրջանառությունն ու կիրառումը ՀՀ-ում
Գործադիրն առաջարկում է լրացնել «Բուսասանիտարիայի մասին» օրենքում առկա իրավական բացը՝ ամրագրելով Կառավարության լիազորությունը՝ արգելելու առանձին պեստիցիդների շրջանառությունը և կիրառումը Հայաստանի Հանրապետությունում:
Հեղինակի՝ պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանի խոսքով գործող իրավակարգավորումները չեն նախատեսում նման լիազորություն, ինչի արդյունքում պետությունը զրկված է օպերատիվ արձագանքման հնարավորությունից այն դեպքերում, երբ առկա են գիտականորեն հիմնավորված տվյալներ պեստիցիդների վտանգավորության վերաբերյալ:
Զեկուցողի խոսքով ներկայումս Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների շրջանառության արգելումը պայմանավորված է միջազգային պարտավորություններով, մասնավորապես՝ Ռոտերդամի կոնվենցիայի շրջանակում ՀՀ ստանձնած պարտավորություններով: «Նշված մոտեցումն ունի մի շարք ռիսկեր: Անհրաժեշտ է, որ մեր երկիրն ունենա արագ արձագանքման ինքնուրույն գործիք՝ չսպասելով, որ ինչ-որ խնդրահարույց պեստիցիդի գիտականորեն հիմնավորված արգելքի անհրաժեշտությունը միջազգային կոնսեսուսով հաստատվի և արձանագրվի Ռոտերդամի կոնվենցիայով»,- ընդգծել է պատգամավորը՝ հավելելով, որ կոնվենցիային միացած գրեթե բոլոր երկրներն ունեն այդ գործիքակազմը:
Նախագծով նաև առաջարկվում է լրացնել ագրոքիմիկատների պետական գրանցման համար սահմանված պայմաններից մեկը, որը խնդրահարույց է և դժվարություն է ստեղծում տնտեսավարողների համար:
«Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավորմամբ ագրոքիմիկատների պետական գրանցման համար պահանջվում է ներկայացնել աշխատանքային գոտում օդում ագրոքիմիկատի թույլատրելի սահմանային կոնցենտրացիայի վերաբերյալ տվյալներ, սակայն նման ցուցանիշներն ագրոքիմիկատների գերակշիռ մեծամասնության համար կամ չեն սահմանվում, կամ չեն կիրառվում՝ հաշվի առնելով դրանց ֆիզիկաքիմիական հատկությունները: Նման ցուցանիշները բնորոշ են հիմնականում թունավոր և արագ գոլորշիացող քիմիական նյութերին, այդ թվում՝ պեստիցիդների զգալի մասին:
Պատգամավորի տեղեկացմամբ միջազգային պրակտիկայում ագրոքիմիկատների մասով նման տվյալների ներկայացումը պարտադիր պահանջ չէ:
Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է տվյալ պահանջը դարձնել կիրառելի միայն այն դեպքերում, երբ արտադրողի մոտ առկա են համապատասխան հետազոտություններ կամ մեթոդաբանություն:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ Կառավարությունն իր նոր լիազորության շրջանակում կմշակի պեստիցիդների արգելման կարգը՝ ստանալով իրավական հնարավորություն՝ արագ և արդյունավետ արձագանքելու պեստիցիդների հետ կապված ռիսկերին:
Հարակից զեկուցմամբ հանդես է եկել Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Դանիելյանը: Նա բարձրաձայնել է նախագծի վերաբերայլ հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Կառավարության դիրքորոշումը եւս եղել է դրական:
Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է հուլիսի 2-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը