Խոսքը Դամհուսի գանձի մասին է՝ վիկինգների դարաշրջանի 226 արծաթե մետաղադրամներից կազմված հավաքածուի, որը հայտնաբերվել է 2018 թվականին Դանիայի Յուտլանդիա թերակղզում՝ Ռիբե քաղաքի մերձակայքում։ Գանձը թվագրվում է մեր թվարկության մոտավորապես 830–850 թվականներով, իսկ մետաղադրամներն ինքնին համարվում են վիկինգների ամենավաղ հայտնի մետաղադրամներից։
Թեև հետազոտողները դրանք անվանում են «պենի», դրանց արժեքը անհամեմատ բարձր էր, քան ժամանակակից մանրադրամներինը։ Ինչպես պարզաբանել է Դանիայի ազգային թանգարանի հնագետ Թոմաս Բյորչը, այս տերմինը ծագում է հին անգլերենի pening բառից։ Այդպիսի մեկ մետաղադրամը բավական էր հաց, մեկ գավաթ էլ կամ պարզ գործիք գնելու համար։
Մետաղադրամները զարմանալիորեն լավ են պահպանվել՝ չնայած ավելի քան հազարամյա հողի մեջ մնալուն։ Մի կողմում պատկերված է դեմք, որը հետազոտողները կապում են սկանդինավյան գերագույն աստված Օդինի (Վոդանի) հետ, իսկ մյուսում՝ եղջերու։
Առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացրել այն դրոշմների վերլուծությունը, որոնցով հատվել են մետաղադրամները։ Մաշվելու հետ մեկտեղ դրանք փոխարինվել են նորերով՝ գրեթե նույնական, բայց հազիվ նկատելի տարբերություններով։
Ուսումնասիրելով այդ փոփոխությունները՝ գիտնականները պարզել են, որ մետաղադրամների թողարկման համար օգտագործվել է առնվազն երեսուն տարբեր դրոշմ։ Նրանց գնահատմամբ՝ Ռիբեի միակ դրամահատարանը կարող էր արտադրել նման հարյուր հազարավոր արծաթե մետաղադրամներ։
IX դարում Ռիբեն Սկանդինավիայի խոշորագույն առևտրային կենտրոններից մեկն էր։ Այդ ժամանակ Դանիան դեռ միասնական պետություն չէր և իրենից ներկայացնում էր հեթանոս նորվեգական թագավորությունների համախումբ։ Երկրի միավորումից և թագավոր Հարալդ Կապտատամի օրոք դրա քրիստոնեացումից դեռ ավելի քան հարյուր տարի էր մնացել։
Արծաթի ծագումը որոշելու համար հետազոտողները 25 մետաղադրամ ուսումնասիրել են ռենտգենաֆլուորեսցենտային վերլուծության և այլ մեթոդների օգնությամբ։ Նրանք վերլուծել են մետաղում պահպանված խառնուրդների իզոտոպային կազմը։ Արդյունքները ցույց են տվել, որ որոշ դեպքերում արծաթի ավելի քան կեսը ծագում էր իսլամական մետաղադրամներից՝ դիրհեմներից։
Բյորչի խոսքով՝ արծաթը Սկանդինավիա չէր հասնում անմիջապես հանքերից։ Սկզբում այն օգտագործվում էր իսլամական աշխարհում դիրհեմներ հատելու համար, ապա մետաղադրամները վերաձուլվում էին ձուլակտորների, որոնք առևտրային ուղիներով հասնում էին սկանդինավյան վարպետներին։
Հատկապես կարևոր է, որ Դամհուսի գանձը վերաբերում է հենց այն ժամանակաշրջանին, երբ իսլամական արծաթը նոր էր սկսում զանգվածաբար ներթափանցել վիկինգների աշխարհ։
Հնագետները արդեն գտել էին այդ ժամանակաշրջանի իսլամական ծագման զարդեր Սկանդինավիայում, բայց այժմ ի հայտ են եկել տեղական դրամահատման մեջ այդ արծաթի օգտագործման ուղղակի ապացույցներ։
Գիտնականները կարծում են, որ հատման ծավալներն այնքան մեծ էին, որ կարելի է խոսել թանկարժեք մետաղի վիթխարի հոսքի մասին, որը Հյուսիսային Եվրոպա էր հասնում իսլամական Արևելքի հետ առևտրային կապերի միջոցով։

















































Արարատի և հարակից համայնքների բնակիչները համակարգչային շերտագրման հետազոտության համար ստիպված չեն այ...
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ կլինեն․ Ավինյան
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվ...
ԵԱՍՄ հիմնարկը համալրվելու է 50-ից ավելի տեխնիկայով
Գիտնականները քաղցկեղի վերադարձից ամիսներ առաջ այն հայտնաբերելու միջոց են գտել
Հորդառատ տեղումների արդյունքում Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով
Անդրանիկ Թևանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է իրականացվել Արեգնազ Մանու...
Բաքուն կարող է 3-4 ժամում ջնջվել երկրի երեսից, և սա չափազանցություն չէ. իրանցի պատգամավոր