Կիբեռանվտանգության և թվային ենթակառուցվածքների պաշտպանության հարցերը՝ RISE 2026-ի քննարկման առանցքում
«RISE Powered by Silicon Mountains 2026» երկօրյա բարձր տեխնոլոգիական ցուցահանդեսի և ֆորումի շրջանակում անցկացվել է «Կիբեռանվտանգությունը որպես ազգային առաջնահերթություն» թեմայով պանելային քննարկում, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։
Ոլորտի առաջատարները՝ պետական կառույցների և մասնավոր հատվածի մասնագետները, քննարկել են թվային անվտանգության արդի մարտահրավերները, իրավական կարգավորումների զարգացումը և կարևոր ենթակառուցվածքների կիբեռդիմակայունության բարձրացումը: Հատուկ ուշադրություն է դարձվել ոլորտում նոր տեխնոլոգիական լուծումների կիրառման հեռանկարներին։
Քննարկման ընթացքում Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերը՝ հատուկ ընդգծելով պետական թվային ենթակառուցվածքների հուսալիության, նույնականացման համակարգերի անվտանգության և տվյալների պաշտպանության կարևորությունը։
Նախարարի առաջին տեղակալի խոսքով՝ ոլորտի զարգացման առանցքային բաղադրիչներից է մարդկային կապիտալի ձևավորումը և հստակ կանոնների առկայությունը։ Օրենսդրական շարունակական բարեփոխումներին զուգահեռ այս ուղղությամբ նախարարությունն իրականացնում է կրթական ու իրազեկման ծրագրեր, դպրոցականների և ուսանողների համար նախատեսված նախաձեռնություններ, ինչպես նաև հաքաթոններ։ Դրանք նպաստում են նոր տաղանդների բացահայտմանն ու որակյալ մասնագետների պատրաստմանը։
Նախարարի առաջին տեղակալը կարևորել է նաև «Կիբեռանվտանգության մասին» օրենքի ընդունումը՝ նշելով, որ ոլորտի կարգավորման անհրաժեշտության մասին խոսվում էր արդեն երկար տարիներ։ Նրա խոսքով՝ թեև արդեն իսկ քննարկվում են օրենքի հետագա զարգացման և կատարելագործման հնարավոր ուղղությունները, այս փուլում առաջնահերթ է, որ ընդունված կարգավորումները սկսեն լիարժեք գործել և կիրառվել։ Դրանց տարածման, կիրառման և արդյունավետության գնահատման արդյունքների հիման վրա հնարավոր կլինի անցնել հաջորդ փուլերի բարեփոխումներին և լրացուցիչ լուծումների ներդրմանը։
Անդրադառնալով ամպային տեխնոլոգիաների կիրառմանը՝ Գևորգ Մանթաշյանը կարևորել է մասնավոր հատվածի և մասնագիտական համայնքի հետ շարունակական գործակցությունը: Նա ընդգծել է, որ տեխնոլոգիական լուծումներ ընտրելիս և ներդնելիս անհրաժեշտ է առաջնորդվել ծախսարդյունավետության, անվտանգության ու երկարաժամկետ կայունության սկզբունքներով։
Նա շեշտել է նաև, որ կիբեռանվտանգությունն այսօր համատեղ պատասխանատվություն է, և ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը