Խոսքը Sensay կղզու մասին է՝ ընդամենը մոտ 3,6 քառակուսի կիլոմետր տարածքով փոքր հողակտորի, որը գտնվում է Ֆիլիպինների արևմուտքում գտնվող գեղատեսիլ Պալավան արշիպելագում։ Իսկ Պալավանն ինքնին համարվում է երկրի ամենագեղեցիկ շրջաններից մեկը. ավելի քան 1700 կղզի, փիրուզագույն լագուններ, ձյունաճերմակ լողափեր և խիտ արևադարձային անտառներ ամեն տարի գրավում են հազարավոր զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից։
Սակայն այժմ այս կղզիներից մեկը կարող է պատմության մեջ մտնել ոչ թե որպես հանգստավայր, այլ որպես առաջին տարածք, որտեղ որոշումները կընդունի արհեստական բանականությունից կազմված «կառավարությունը»։
Կղզին գնվել է 2025 թվականին բրիտանացի գործարար Դեն Թոմսոնի կողմից՝ Sensay ԱԲ ընկերության հիմնադրի, որը զբաղվում է չաթ-բոտերի և թվային կերպարների մշակմամբ։ Նրա նպատակն է ստեղծել լիարժեք միկրոազգ՝ սեփական թվային օրենքներով, տնտեսությամբ և կառավարման համակարգով։
Նախագծի գլխին պետք է կանգնի 17 ԱԲ-կերպարներից կազմված խորհուրդ, որոնք ստեղծվել են հայտնի պատմական գործիչների կերպարով։ Նրանց թվում են Ուինսթոն Չերչիլի, Էլեոնորա Ռուզվելտի, Մարկոս Ավրելիոսի, Նելսոն Մանդելայի, Լեոնարդո դա Վինչիի, Սուն Ցզիի և Մահաթմա Գանդիի թվային տարբերակները։
ԱԲ մոդելներից յուրաքանչյուրը ուսուցանվում է իր «նախատիպի» իրական ելույթների, տեքստերի, փիլիսոփայության և պատմական հայացքների հիման վրա։ Ստեղծողների մտահղացմամբ՝ այս թվային անձերը պետք է քննարկեն քաղաքական հարցեր, վիճեն միմյանց հետ, առաջարկեն գաղափարներ և քվեարկեն կղզու սահմանադրության փոփոխությունների օգտին։
Թոմսոնը կարծում է, որ նման համակարգը պոտենցիալ կարող է ավելի օբյեկտիվ լինել, քան ավանդական քաղաքականությունը։
«Մենք ուզում ենք տեսնել, թե ինչ կլինի առանց լոբբիստների, առանց անձնական շահի և թաքնված հետաքրքրությունների, երբ որոշումները կայացվում են առավելագույնս օբյեկտիվորեն և հենվում են միայն այս կերպարների պատմական արժեքների վրա», — CNN Travel-ին տված հարցազրույցում բացատրել է գործարարը։
Նախագծի ստեղծողները պնդում են, որ արհեստական բանականությունը կկարողանա ձևավորել տվյալների, արդարության և թափանցիկության վրա հիմնված քաղաքականություն։ Ենթադրվում է, որ բոլոր որոշումները «կստուգվեն ազնվության տեսանկյունից», իսկ համակարգն ինքնին զերծ կլինի կոռուպցիայից և քաղաքական մանիպուլյացիաներից։
Սակայն նույնիսկ ինքը՝ Թոմսոնը, ընդունում է, որ փորձարկումը կարող է վտանգավոր լինել։
Այս պահին ԱԲ խորհուրդը չունի ուղիղ ֆիզիկական վերահսկողություն. նրա որոշումները կատարում են միջնորդ մարդիկ։ Սակայն ապագայում նախագիծը նախատեսում է արհեստական բանականությունը միացնել բանկային քարտերին, կրիպտոարժութային դրամապանակներին և ֆինանսական համակարգերին, որպեսզի թվային կառավարությունը կարողանա ինքնուրույն վճարել ծառայությունների համար, վարձել աշխատակիցների և կառավարել կղզու տնտեսությունը։
Հենց այս հեռանկարն էլ լուրջ մտահոգություններ է առաջացնում քննադատների մոտ։
«Եթե ԱԲ-ն հանկարծ սկսի զենք գնել և հարձակվել հարևան կղզիների վրա, դա շատ վատ իրավիճակ կլինի», — խոստովանել է Թոմսոնը։ Ճիշտ է, նա անմիջապես հավելել է, որ նման սցենարը համարում է «ծայրահեղ անհավանական»։
Պոտենցիալ վտանգավոր որոշումներից խուսափելու համար նախագծում արդեն ներառվել է այսպես կոչված Human Override Assembly-ը՝ «մարդկային վերահսկողության խորհուրդը»։ Դրա կազմում կլինեն ինը ընտրվող մասնակիցներ, որոնք կկարողանան չեղարկել ԱԲ կառավարության որոշումները, եթե դրանք վտանգավոր կամ ոչ էթիկական թվան։
Առայժմ նախագիծը չունի միջազգային ճանաչում և պետության պաշտոնական կարգավիճակ։ Այնուամենայնիվ, Sensay-ն արդեն սկսել է ընդունել էլեկտրոնային ռեզիդենտության հայտեր, և հետաքրքրությունն անսպասելիորեն մեծ է եղել։
Թոմսոնի խոսքով՝ ավելի քան 12 հազար մարդ արդեն գրանցվել է որպես կղզու պոտենցիալ e-resident։
Էլեկտրոնային ռեզիդենտությունը ենթադրում է թվային ինքնություն, որը թույլ է տալիս օգտվել առցանց ծառայություններից և մասնակցել նախագծի տնտեսությանը՝ առանց կղզում մշտապես բնակվելու։
Գործարարն ինքն է խոստովանում, որ նման իրարանցում չէր սպասում։
«Ինձ թվում է՝ դա կապված է այն բանի հետ, որ ավելի ու ավելի շատ մարդիկ կորցնում են վստահությունն իրենց կառավարությունների նկատմամբ», — հայտարարել է նա։
Այսօրվա դրությամբ կղզում մշտապես ապրում է միայն մեկ մարդ՝ տարածքի խնամակալը, որին նախագծի ներկայացուցիչները կոչում են պարզապես «Մայք անունով տղա»։
Սակայն առաջիկա տարիներին Sensay-ն ծրագրում են ակտիվորեն զարգացնել։ Թոմսոնը ցանկանում է կառուցել մինչև 30 վիլլա՝ կղզին վերածելով ոչ միայն փորձարարական ԱԲ տարածքի, այլև Պալավան այցելող ճանապարհորդների համար էլիտար զբոսաշրջային ուղղության։
Նախագծի ֆիզիկական գործարկման առաջին փուլը կսկսվի արդեն այս տարի՝ հատուկ «Observer Visas»՝ դիտորդի վիզաների ներդրմամբ։ Դրանք թվային ռեզիդենտներին թույլ կտան անձամբ այցելել կղզի և հետևել նախագծի զարգացմանը։
Ավելի ուշ ստեղծողները նախատեսում են տարածքում գործարկել ինքնավար, էկոլոգիապես մաքուր էներգացանցեր, որոնք կաշխատեն վերականգնվող էներգիայի վրա, ինչպես նաև բացել հետազոտական լաբորատորիաներ։
Նախագծի ճանապարհային քարտեզի համաձայն՝ 2027 թվականին պետք է գործի լիարժեք թվային ռեզիդենտության համակարգը, կղզին ամբողջությամբ կանցնի վերականգնվող էներգիայի աղբյուրների, իսկ տարածքում կսկսեն հայտնվել առաջին մշտական բնակիչներն ու հետազոտական համայնքները։
Նախագծի ստեղծողները վստահ են. Sensay-ն կարող է դառնալ ոչ միայն տեխնոլոգիական փորձարկում, այլև հասարակության կառավարման ապագա մոդել։
Սակայն քննադատները զգուշացնում են. այն պետության գաղափարը, որտեղ որոշումներ են ընդունում պատմական գործիչների թվային պատճենները, կարող է ուտոպիա չլինել, այլ դառնալ առաջին քայլը դեպի մի աշխարհ, որտեղ արհեստական բանականությունը կսկսի դուրս գալ մարդկային վերահսկողությունից։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim