«5000-ը կկոտորվի, թե 500 հազարը, Փաշինյանի համար մեկ է. 15 անգամ կկոճկի, կարձակի կոճակներն ու մեղավոր կկարգի հայ զինվորին». Դեմոյան
2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Թուրքիայի և Ադրբեջանի նախաձեռնությամբ ի հայտ եկած «3+3» ձևաչափի վերաբերյալ դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն տարածեց հաղորդագրություն՝ տեղեկացնելով, որ դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել «Տարածաշրջանային խորհրդատվական «3+3»» հարթակի առաջին նիստը Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի և Իրանի ԱԳ փոխնախարարների մասնակցությամբ։
Ըստ հաղորդագրության՝ կողմերը պայմանավորվել են հարթակի աշխատանքները կենտրոնացնել այնպիսի պրակտիկ հարցերի վրա, որոնք հետաքրքրում են բոլոր մասնակիցներին. դրանց թվում են վստահության բարձրացման միջոցառումները, փոխգործակցությունն առևտրատնտեսական, տրանսպորտային և մշակութային, հումանիտար ոլորտներում, ինչպես նաև՝ հակազդեցությունն ընդհանուր մարտահրավերներին և սպառնալիքներին:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով այս ձևաչափի կենսունակության մասին, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն ընդգծեց՝ կարծում եմ՝ այն կյանքի չի էլ կոչվի ու կմնա անկատար, քանի որ այս փազլն ամբողջությամբ հավաքված չէ՝ դրանից Վրաստանի բացակայության պատճառով։
«Թուրքիան միշտ նմանատիպ ձևաչափերով հայտնվում է պատերազմներից հետո, բայց, եթե 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո նմանատիպ մի ձևաչափ առաջ քաշելով՝ Թուրքիան պարզապես փորձում էր այս տարածաշրջանում իր տեղն ամրապնդել կամ երևալ, հիմա՝ 2020 թվականի պատերազմից հետո, մենք գործ ունենք բոլորովին այլ Թուրքիայի հետ. սա մի երկիր է, որն արդեն ՆԱՏՕ-ի անդամ է և Հարավային Կովկասում ունի բոլորովին այլ ուժային հաշվեկշիռ։ Թուրքիան հիմա կարողանում է Ռուսաստանի դեմ շատ գրագետ ձևով խաղարկել իր խաղաքարտերը և դրանց հաշվին ստանալ զիջումներ, օրինակ՝ Ակնայում։ Հիմա նոր զիջումներ է փորձում ստանալ: Պարզապես, ես կարծում եմ, որ այս ձևաչափը չի կայանա Վրաստանի բացակայության պատճառով»,- ասաց Դեմոյանը։
Պատմաբանի մեկնաբանությամբ՝ Հայաստանի իշխանությունը, փորձելով մասնակցել Թուրքիայի հեղինակած նախագծին կամ ձևաչափին, փորձում է քաղաքական լեգիտիմության հարց լուծել, իսկ Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ այն, ինչը 2008 թվականից հետո չեն կարողացել անել նախկին իշխանությունները ֆուտբոլային դիվանագիտության համատեքստում, հիմա ինքը կարող է դա անել։
«Ուզում է որոշակի հեղինակություն ապահովել ու ցույց տալ, թե ինքը կարողանում է հարց լուծել, բայց նման հարց լուծելու համար այս իշխանությունը ներուժ չունի և ընդամենը կարող է կատարել հանձնարարություն»,- ասաց պատմական գիտությունների դոկտորը՝ շեշտելով, որ եթե այդ ձևաչափը միս և արյուն ստանա, Հայաստանի կարծիքը այդ ժամանակ որևէ մեկը հաշվի չի էլ առնելու։
Դեմոյանը նաև վստահեցրեց՝ գործող իշխանությունը Հայաստանը բերել է այն հանգրվանին, որ մենք չենք կարող պարտադրված օրակարգերին ընդդիմանալ, որովհետև դրա ռեսուրսը չունենք։
«Այս իշխանությունը գնում է՝ հանձնել հնարավորին ամեն բան տրամաբանությամբ»,- ասաց Դեմոյանը՝ հավելելով, որ քայլ առ քայլ պլանավորած է ամեն բան, ու իշխանությունը գնում է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, ինչի համար նաև 2018 թվականին տեղի ունեցավ իշխանափոխություն։
Ըստ Դեմոյանի՝ այդ նպատակին հասնելու համար առաջին քայլով Ցեղասպանության թանգարանը լռեցնելուց հետո, հաջորդ քայլով գնալու են հայ-թուրքական սահմանի բացման, որի վերաբերյալ, սակայն, պետք է շատ հստակ գիտակցել հետևյալը.
«Ծիծեռնակաբերդը լռեցնելուց հետո պետք է անցնեն Ցեղասպանության հարցի խմբագրման, որը պայմանականորեն կարող ենք անվանել Հարություն Մարության 2-րդ օպերացիա։ Ավելի բարձրացնելով Հայաստան-Թուրքիա հնարավոր հարաբերությունների հարցի նշաձողը, պետք է ասեմ, որ որևէ կայսրություն, որն ունեցել է նախկին տարածքներ, իր ներկա իրավահաջորդ տերություններով երբեք չի հանդուրժի իր կողքը ուժեղ, ինքնաբավ ու կայուն տարածքների գոյությունը, և սա վերաբերում է ոչ միայն Թուրքիա-Հայաստանին, այլ նաև Թուրքիա-Ադրբեջանին, Թուրքիա-Ռուսաստանին։
Սա կայսերականությունից ժառանգած քաղաքականություն է, և մենք հիմա գտնվում ենք աշխարհաքաղաքական տեկտոնիկ մի գոտում, որտեղ կան 3 տարբեր կայսրությունների իրավահաջորդներ, որոնք բացեիբաց՝ առանց խորշելու, ասում են մեր նկատմամբ իրենց ունեցած հավակնությունների մասին, ու մենք դրանց չենք հակազդում, որովհետև Փաշինյանն ու իր թիմը կատարածու են։ Այս մարդկանց բերել են արհեստական ճանապարհով իշխանության, որպեսզի կատարեն դրված պահանջները։ Ուստի Փաշինյանը մի կերպար է, որն ունակ է ամեն ինչի. 5000 հոգի կկոտորվի, թե 500 հազար՝ մեկ է, վերջում Փաշինյանը 30 անգամ կուղղի բարձրախոսները, 15 անգամ կկոճկի ու կքանդի կոճակն ու կասի՝ ամեն ինչում պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա, որից հետո, օրինակ, պատերազմի հրահրման ու պարտության պատասխանատվությունը կդնի հայ զինվորի վրա, մեղավոր կկարգի հայ զինվորին»,- ասաց Դեմոյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ