Վրաստանի ՆԳ նախարարը Ռուսաստանի հետ սահմանը փակելու պատճառ չի տեսնում

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին ասել է, որ պատճառ չի տեսնում Ռուսաստանի հետ սահմանին «Կազբեգի-Վերին Լարս» անցակետը փակելու համար։
«Ռուսաստանի քաղաքացիները միշտ էլ եկել են Վրաստան։ Հիմա էլ կգան։ Ինչո՞ւ է պետք հենց հիմա սահմանափակել նրանց մուտքը։ Նրանք եկել են մեծ մասշտաբներով, իսկ 2011-ին պարոն Սաակաշվիլին հանդիպեց նրանց եւ նրանց մի շիշ գինի տվեց՝ հրավիրելով երկիր»,- լրագրողներին ասել է Գոմելաուրին, փոխանցում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
Ընդ որում, երկրի ՆԳ նախարարը խոստովանել է, որ վրաց-ռուսական սահմանին անցակետն աշխատում է առավելագույն ծանրաբեռնվածությամբ՝ Ռուսաստանի Դաշնությունից հեռանալ ցանկացողների մեծ հոսքի պատճառով։ Նրա խոսքով՝ «Վերին Լարս» լրացուցիչ ոստիկանական ուժեր են ուղարկվել, եթե «անհրաժեշտ լինի ինչ-որ մեկին դուրս բերել, բերման ենթարկեն կամ վտարել»։
Ռուսաստանում սեպտեմբերի 21-ից մասնակի մոբիլիզացիա է հայտարարվել՝ իշխանությունները հայտարարել են, որ պատրաստվում են 300 հազար մարդ ուղարկել Ուկրաինա կռվելու։ Դրանից հետո տասնյակ հազարավոր ռուսներ սկսել են լքել երկիրը։
Երեքշաբթի առավոտվա դրությամբ «Վերին Լարս»-ում սահմանը հատելուն մինչեւ 6000 մարդատար ավտոմեքենա է սպասում, ինչը ռեկորդային թիվ է վերջին տարիների համար։ Հարյուրավոր մարդիկ ոտքով են հատում սահմանը.
Վրաստանի մաքսակետն արտակարգ ռեժիմի է անցել։ Գոմելաուրիի խոսքով՝ վերջին օրերին Ռուսաստանից Վրաստան մուտք գործողների թիվը գրեթե կրկնապատկվել է՝ օրական 5-6 հազարից հասնելով 10 հազարի։