Դատարան է ուղարկվել Սամվել Բաբայանի եւ եւս վեց անձի վերաբերյալ քրեական գործը
ՀՀ գլխավոր դատախազությունը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ուղարկել ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի եւ եւս վեց անձի վերաբերյալ քրեական գործը:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել 7 անձի, որոնցից ներկայումս կալանքի տակ են միայն երեքը՝ Սամվել Բաբայանը, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը եւ Արմեն Պողոսյանը: Տեղեկանում ենք, որ Կարեն Քոչարյանի, Անդրանիկ Քոչարյանի, Ժորա Զաքարյանի եւ Դավիթ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելուն:

















































