Երեք տարվա ընթացքում Հայաստան դրամական փոխանցումները կրճատվել են 830 մլն դոլարով
Երեք տարվա ընթացքում Հայաստան դրամական փոխանցումները կրճատվել են 38.4%-ով կամ 830 մլն դոլարով: Հուլիսի 6-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ունեցած ելույթում այս մասին հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Առաջին հերթին դա կապված է 2014 թվականի կեսերից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներով եւ երկրի տնտեսական աճի դանդաղ տեմպերով: 2015 թվականին Ռուսաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 3.7%-ով, 2016-ին՝ 0.2%-ով:
Տնտեսությունը պահպանելու համար Հայաստանն ավելացրել է արտաքին պարտքը: 2015 թվականին ՀՆԱ-ի հանդեպ բյուջեի դեֆիցիտը կազմել է 4.8%, 2016 թվականի արդյունքներով՝ 5.5%: Բայց 2017 թվականին նախատեսվում է այն կրճատել՝ հասցնելով 2.8%-ի, որպեսզի հնարավոր լինի լուծել պարտքերի խնդիրը: Դրան կօգնի նաեւ Ռուսաստանում տնտեսական աճը. 2017 թվականին ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը 0.6%-ի աճ է ակնկալում, 2018-ին՝ 1.7%-ի:

















































